Հետագա սերունդներին պետք է ցույց տաս քո քաղաքի էվոլյուցիան. Մ. Մինասյան

Այսօր խոսել ճարտարապետական ուղղութունների մասին, այդքան էլ տեղին չէ, քանի որ այն տարածքներում, որտեղ պետք է շենքեր կառուցվեն, կառուցվում են միայն սեփականատերերի նախապատվություններով. դեկտեմբերի 10-ին «Մենք» մշակութային մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: «Այստեղ խոսել որևէ ուղղության, ճարտարապետական ավանդույթների պահպանման կամ ժամանակակից ճարտարապետության ինչ-որ սկզբունքների մասին չենք կարող». արձանագրեց նա և բարձրացրեց այն հարցը, թե ինչու են բնակիչները բողոքում, չէ որ գեղեցիկ շենքեր են կառուցվում, ինչը, ըստ էության, բավական չէ, քանի որ պարզապես գեղեցիկ լինելը դեռևս խնդիրը չի լուծում, եթե այդ կառույցը ճիշտ տեղում դրված չէ և դուրս է մնում ընդհանուր միջավայրից:

«Բոլոր շենքերն այնպիսի ոճ են ձեռք բերել, որ վերջիններիս հետ համեմատած խորհրդային ժամանակի տիպարային շենքերն ավելի մեծ գրավչություն ունեն, քանի որ դրանք դրված են իրենց մասշտաբով, իրենց միջավայրին հարիր լուծումներով, իսկ երբ լինում է բարձրահարկ շենք այնտեղ, որտեղ դա պետք է չլիներ, արդեն աչք է ծակում»-ասաց բանախոսը:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահն այն կարծիքին է, որ այստեղ մեղավոր են ոչ թե ճարտարապետները, այլ պատվիրատուները: Պատվիրատուն ցանկանում է յուրաքանչյուր տարածից առավելապես շահույթ ստանալ, ինչի արդյունքում էլ ի հայտ են գալիս աղավաղումները՝ բարձրահարկեր այնտեղ, որտեղ չի կարելի, բակերի մեջ մեծ խտություններ, բարձրահարկերի՝ արդեն վտանգավոր խտություն: Եվ այս ամենը բնականաբար ածանցյալ է սեփականատերերի ցանկությունների:

«Պետությունը դեռևս չի կարողանում կարգավորել այդ հարցերը, ինչի համար անհրաժեշտ է կատարել մի շարք աշխատանքներ»,-նշում է ճարտարապետը և բացատրում, որ եթե դիտարկենք նման մի օրինակ, երբ սեփականատերը ձեռք է բերում տարածք, ապա այն վաճառելուց առաջ պետք է նախ և առաջ հաշվի առնել, թե ինչի համար է այդ տարածքը գնվում, ինչպես է սեփականատերը պատրաստվում այն օգտագործել, ինչ ուղղվածություն է ունենալու նրա գործունեությունը: Այս ամենն անհրաժեշտ է նրա համար, որ սեփականատերն ի սկզբանե իմանա, թե իր ներդրված գումարի դիմաց ինչ շենք կարող է կառուցել:

IMG_2748

Բանախոսն այդ բացերը արձանագրելով ոլորտում՝ շարունակում է բացատրել. «Այսօր, եթե սեփականատերը ձեռք է բերում տարածք, ապա նրան թվում է, որ այդ տարածքում ինքը կարող է անել ամեն ինչ: Այս ամենը պետք է համակարգել և վերահսկել»:

Մկրտիչ Մինասյանը վստահեցնում է, որ այս ամենը հետևանք է այն ամենի, որ մենք ստիպված էինք հապճեպ չվերակառուցվել կենտրոնը: Նման փորձեր կարելի էր անել արվարձաններում, բայց ոչ կենտրոնում, իսկ այսօր, ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք:

«Ամբողջ աշխարհը գնում է դեպի կայուն զարգացման: Այսօր, եթե մենք ունենք արդեն ձևավորված կենտրոն, ապա պետք է աշխատենք այն ավելի բարեկարգել, դարձնել ավելի սեյսմակայուն և անվտանգ, այսինքն շենքերն ու միջավայրը բերել մարդու համար կայուն և հարմարավետ վիճակի»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է Երևանի ճարտարապետությանը, ապա Մ. Մինասյանը փաստում է այն, որ բազմաթիվ ճարտարապետներ, ովքեր ժամանակին հյուրընկալվում էին մայրաքաղաքում, արձանագրում էին, որ մենք գտել էինք մեր ձեռագիրը: «Մենք կարող էինք այն զարգացնել և էլ ավելի ճանաչելի դարձնել, բայց հետագա փոփոխությունները հանգեցրեցին նրան, որ մենք կրեցինք մի շարք կորուստներ»,-ավելացնում է նա:

IMG_2757

Անդրադառնալով այսօր քաղաքում տիրող իրավիճակին՝ ճարտարապետը նշում է, որ իրենք բազմաթիվ ուսումնասիրություններ են արել և արձանագրել, որ բակերում նման խտությունը թույլատրելի չէ. եթե վաճառվում է այդ հողը կամ այդ տարածքում գոյություն ունեցող շենքի որևէ հատված, ապա դա իր սահմաններից պետք է դուրս չգա:

«Այսօր Կոմիտաս 5-ում հաստատվել է բարձրահարկ մի շենք, որի համար քաղաքապետարանը նախ հաստատել էր 14 հարկը և իջեցրել մինչև 6-ի: Ստացվում է, որ ի սկզբանե ամեն ինչ թերի է եղել: Սխալը գործվել է և՛ քաղաքապետարանի, և՛ սեփականատերի կողմից»,-ներկայացնում է ճարտարապետը և բացատրում. «Պետության խնդիրն այն է, որ նա կարողանա ասել սեփականատերին՝ «ահա իմ քաղաքի շահերը, ահա քո շահերը» և դրանով գտնի ընդհանուր եզրեր, իսկ եթե դա արվում է ի հաշիվ բնակիչների, ապա պետք է ասել, որ այդտեղ վատառուղջ ինչ-որ բան է տեղի ունենում»:

Բանախոսի վստահեցմամբ նույնն է նաև Սայաթ Նովայում, որտեղ բակերում ուզում են «խցկել» բարեկարգման քողի տակ մի շենք, որում շարժվելու տեղ չկա. Մ. Մինասյանին միայն մի հարց է հետաքրքրում, թե այդ ամենից հետո վերոնշյալ շենքի բարեկարգը էլ ո՞րն է:

Ճարտարապետին հուզում են նաև Շահումյան դպրոցի բակում կառուցված հսկայական շենքերը, որոնք նույնպես բնակիչների շահերից չեն խոսում: «Դա չի կարելի դիտարկել անգամ բիզնեսի տեսանկյունից, քանի որ այդտեղ չի կարող լինել բիզնես, եթե շուրջ 5 տարի առանց բնակեցման է մնում»,-ասում է նա:

Այս ամենի կողքին առաջանում են նաև դպրոցներից երեխաների՝ արտակարգ իրավիճակներում տարհանման խնդիրները: «Ցավոք, երբեմն մարդիկ չեն լսում այն խնդիրների մասին, որոնք բարձրաձայնվում են: Սարյանի փողոցի վրա գտնվող դպրոցին կից կառուցվեց հսկայական շենք՝ չնայած մեր բոլոր նախազգուշացումներին: Ճիշտ է, այսօր քիչ թե շատ կան որոշ կազմակերպություններ, որոնք լավ կառուցում են, բայց կառուցում են հին ավանդական մեթոդով: Կարող է կմախքը պահպանվի, ինչը թույլ չի տա, որ զոհերի թիվն անհամեմատ շատ լինի, բայց բեկորները ևս կարող են թափվել, իսկ դա արդեն կխոչընդոտի մարդկանց տարհանմանը», – իր մտահոգություններն է արտահայտում Ճարտարապետների միության նախագահը և գալիս այն եզրակացության, որ ընդամենը քսանհինգ տարի է անցել 1988 թվականի ողբերգական երկրաշարժից, իսկ մենք մոռացել ենք դրա մասին: Այժմ մայրաքաղաքի կենտրոնը գտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան այն տարիներին Գյումրին ու Սպիտակն էին:

Անդրադառնալով «Մենք» առցանց մշակութային լրատվականի թղթակցի այն հարցին, թե որքանո՞վ է մեր ճարտարապետությունը քայլում ժամանակին համընթաց, Մ. Մինասյանը պատասխանում է. «Նախ պետք է ասել, որ ճարտարապետությունը բավականին թանկ արվեստ է յուրաքանչյուր պետության համար: Մեր պետությունը չունի այն ներուժը և ռեսուրսները, որ կառուցենք այնպիսի երկնաքերեր, որոնք կզարմացնեն աշխարհին: Մեր ճարտարապետության պատմությունը ցույց է տալիս, որ դեռևս այն ժամանակ հավասար պայմաններում գտնվող մեր ճարտարապետները իրենց փոքր կամերային ստեղծագործություններով ցույց են տվել, որ մենք ընդունակ ենք համընթաց քայլելու ճարտարապետական ժամանակակից գործընթացներին՝ չստեղծելով հսկայական կառույցներ: Այստեղ խնդիրը ծավալի մեջ չէ, այլ նրանումն է, թե դու ինչպես ես մոտենում «ճարտարապետություն» ասվածին: Մենք կարող էինք մեր բնությանը և ճարտարապետական դպրոցին հարազատ մնալով ունենալ մերը, որն ամբողջ աշխարհն այսօր ընդունում է: Մենք կարող ենք ունենալ մեր ազգային դիմագիծը պահպանող, մեր լանդշաֆտն ավելի լավ ցուցադրող ճարտարապետական կառույցներ»:

Ճարտարապետի համոզմամբ մերը մաշտաբային է եղել, մարդկային, բնությանը չի խեղել, այդ իսկ պատճառով մտել է ճարտարապետության պատմության մեջ որպես առանձին ինքնություն:

Բանախոսը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի փոփոխությունների է ենթարկվում մեր մայրաքաղաքյին ճարտարապետական դիմանկարը, միթե այսօր արձանագրում ենք միայն միայն կորուստներ, թե ձեռքբերումներ էլ ենք ունեցել, ասաց. «Մենք, իհարկե, ունենք ձեռքբերումներ, պարզապես ցանկալի է, որ այդ ձեռքբերումներն ավելի շատ լինեն: Մենք ունենք և պահպանում ենք մի շարք հաջողված թաղամասեր, ունենք հաջողված կենտրոն, հրապարակների շղթա: Մենք պետք է ձգտենք պահպանել այն: Քաղաքում ունենք այնպիսի հին թաղամասեր, որոնց մասին ոմանք ասում են, որ դա հնոտի է, պետք է դրանից ձերբազատվել, սակայն դա այդպես չէ: Դու պետք է քո հետագա սերունդներին ցույց տաս քո էվոլյուցիան, որ տեսնեն, թե որոնք են եղել այն քաղաքաստեղծ կառույցները, որոնք կերտել են պատմությունդ: Նման կառույցների շարքին անխոս կարելի էր դասել նաև Փակ շուկան, իսկ այսօր այն, ինչ մնացել է Փակ շուկայից, ոչինչ չարժի  նախկինում եղած հուշարձանի կողքին»:

Ներկաներին հետաքրքրում էր նաև այն, թե արդյոք այսօր ունենք սերունդ, որը կարող է պահպանել մեր արդեն ձևավորված ճարտարապետական ձեռագիրը և դա նորովի ներկայացնել:

«Սերունդ դաստիարակելը դժվար է, բայց մենք ունենք այդ սերունդը, պարզապես պետք է հետևողական լինել, պահպանել այդ դպրոցը: ՀՊՃՀ-ն անում է հնարավորինս ամեն ինչ, սակայն անհրաժեշտ է ընդհանուր հոգածությունն այս հարցի նկատմամբ»,-եզրակացրեց նա:

անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed