«Հեղափոխություն՝ առանց արձակված մեկ փամփուշտի, առանց մեկ զոհի». Սերժ Թանկյանը BBC-ի հետ խոսել է հայաստանյան իրադարձություններից

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հեղինակավոր BBC-ի հետ զրույցում խոսել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին և դրանք որակել որպես «յուրահատուկ հեղափոխություն»:

Լրատվամիջոցը նշում է, որ ամերիկահայ ռոք աստղը ողջունել է անցկացված բողոքի ցույցերի խաղաղ բնույթը և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ բեմ բարձրացել` մինչ նրա ՀՀ վարչապետ ընտրվելու քվեարկության անցկացումը:

«Ես կարծում եմ, որ Նիկոլն իսկապես տարբերվում է Հայաստանի նախորդ առաջնորդներից»,- ասել է Սերժ Թանկյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանն իր ընդդիմադիր քաղաքական կարիերայի մեծ մասը եղել է ակտիվիստ և պայքարել շրջակա միջավայրի, մարդու իրավունքների, սոցիալական ապահովության համար:

«Ժամանակը եկավ, երբ մարդիկ պատրաստ էին ոտքի կանգնել, և դա նախաձեռնեցին երիտասարդները, ովքեր շատ ավելի քիչ էին ենթարկվում ոստիկանության հրամաններին, քան նրանց ծնողները:

Դա իսկապես շատ յուրահատուկ է: Դա ամեն օր տեղի չի ունենում՝ հեղափոխություն առանց արձակված մեկ փամփուշտի, առանց մեկ զոհի, մի քանի շաբաթվա ընթացքում լիարժեք շրջադարձ, որը պայքար չէ Արևելքի և Արևմուտքի միջև: Դե ինձ ասեք՝ ե՞րբ է վերջին անգամ նման բան տեղի ունեցել»,- ասել է Սերժ Թանկյանը BBC-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 42 պատգամավոր:

 

 

Աղբյուրը` tert. am

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed