Հայ-վրացական մշակութային կամուրջն ամուր է.Հասմիկ Պողոսյան

tert.am-ը գրում է՝

Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարություններն ակտիվ համագործակցում են, տարվա ընթացքում մի քանի հանդիպումներ լինում են, և երկու երկրների միջև անլուծելի խնդիրներ չկան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը։

«Տարին երկու անգամ հանդիպում է տեղի ունենում երկու երկրների նախարարների միջև և հրատապ կարգով քննարկվում են գոյություն ունեցող բոլոր խնդիրները: Միևնույն ժամանակ՝ մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը տարեկան չորս անգամ հանդիպումներ է ունենում թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում։ Մենք Վրաստանի հետ ակտիվ աշխատում ենք»,-ասաց Հասմիկ Պողոսյանը։

Հարցին, թե աշխատանքային օրակարգում ինչ հարցեր են ներառված, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց,որ աշխատանքային օրակարգում բազմաթիվ խնդիրներ կան. «Կան մշակութային մի շարք ծրագրային ձևաչափեր, որոնք ավանդույթի համաձայն շարունակվում են։ Այժմ քննարկում ենք Թիֆլիսում Վազգեն Մելիքյանի ցուցահանդեսի անցկացումը։ Հայաստանում ևս տեղի է ունենալու ցուցահանդես։ Նայած թե ինչ խնդիրներ կան տվյալ պահին»,-ասաց Պողոսյանը։

Դիտարկմանը, թե Վրաստանում հիմնականում բարձրաձայնվում է հուշարձաններին ու եկեղեցիներին սպառնացող վտանգի մասին, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Եթե նման ահազանգեր լինում են, ապա նախարարությունը հրատապության կարգով քննարկում է։ Վերջին տարիներին այդ աշխատանքները բնականոն հունով ընթանում են։ Կան որոշ խոչընդոտներ, որոնք կապված են ոչ միայն նրա հետ, որ իրենք ինչ-որ բան վատ են անում կամ չեն ուզում անել, այլ իրացման խնդրի հետ է կապված։ Այսինքն, բնակիչների տան հարակից տարածքների հետ կապված խնդիր է։ Խոսքը երկու եկեղեցիների՝ Մուղնեցոց Սուրբ Նշանի և Սուրբ Գևորգի մասին է, որոնց պարագայում դրանք մի քիչ դանդաղ են առաջ գնում, դրանք այլ կարգի լուծումներ են պահանջում, բայց և թատրոնի վերանորոգման պարագայում և Նորաշեն եկեղեցու պարագայում աշխատանքները նորմալ հունով ընթանում են։ Անցած տարի ես ինքս եմ այցելել և տեսել, թե ինչ աշխատանքներ են կատարվում»։

Հարցին, թե երկու երկրների միջև անլուծելի խնդիրեր կան,Հասմիկ Պողոսյանը բացասական պատասխան տվեց. «Կարծում եմ՝ չկան անլուծելի խնդիրներ։ Կան դանդաղած խնդիրներ և իրացման, որոնք դասվում են այն խնդիրների շարքին, որոնք դեռ չեն լուծվում։ Չեմ ուզում այդ խնդիրը համարել անիրականանալի, որովհետև դրանց ուշ թե շուտ անդրադառնալու ենք, և այդ եկեղեցիների խնդիրներն իրենց օրակարգում կան»։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed