Հայրենիքի հոգևոր խորհուրդն ու աստվածաշնորհ կերպարը

Ս. Եղիշեի խոսքերն այսօր էլ արդիական են, քանի որ շատերն են վախենում մահից՝ կյանքը պայմանավորելով զուտ ֆիզիկական գոյությամբ, այնինչ մահն այլ բան չէ, քան մարմնի անջատումը հոգուց։ Այս խոր գիտակցությամբ է, որ մեր սուրբ հայրերը նահատակվում էին՝ արհամարհելով մահը, վստահելով սուրբ առաքյալի այս խոսքին. «Ու՞ր ես մահ, և ու՞ր է քո խայթոցը»։ Մի ժողովուրդ, որ իր կեցության հիմքում ունի Աստվածաշունչ մատյանը և նրանում զետեղված ամեն մի բառ ջանում է կյանք դարձնել իր համար, չի կարող չվայելել Արարչի գութն ու պահպանությունը։ Ցավոք այսօր հեռացել ենք մեր սուրբ նախնիների սրբակենցաղ արմատներից և պահվում ենք աշխարհի վրա ոչ թե սեփական բարեպաշտության վաստակով, այլ ի Քրիստոս ննջած մեր սուրբ նախնիների բարեխոսությամբ։ Այդ դեպքում ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում։

Երբ Աստված ստեղծեց երկիրը, արարեց մեր նախածնողներին՝ Ադամին ու Եվային, Ադամի սերնդից հազարավորներ ելան, որոնց մեջ իր բարեպաշտությամբ առանձնանում էր Նոյը։ Նոյի որդիներն էին Սեմը, Քամը և Հաբեթը։ Այն վայրը, որտեղ բնակվեց Հաբեթն իր գերդաստանով, կոչվեց Հաբեշիստան։ Նրա սերնդից էր Թորգոմը, իսկ Թորգոմա տան զավակներն էին Հայկն ու Բելը, որ եղբորորդիներ էին և դյուցազնական տոհմի այրեր, ովքեր իշխում էին իրենց շուրջը բնակվող փոքրամարմին ազգերին։ Սակայն Հայկն առանձնանում էր իր քաջությամբ, գեղեցկությամբ, ազնվությամբ և բարեպաշտությամբ։ Այնինչ Բելը նենգ էր, ինքնափառ և չար։ Երբ Հայկն իր եռաթև նետով գետին տապալեց անօրեն Բելին և իր տոհմով հաստատվեց Արարատի փեշերին, վայրն այդ, որ նախապես կոչվում էր Հաբեշիստան, վերանվանվեց Հայք՝ իր Մեծ ու Փոքր հատվածներով։

Հայկը, օրինակ առնելով մեր նախածնողներից, ճշմարիտ Աստծուն էր պաշտում, այնինչ Բելը նախաձեռնեց Բաբելոնի աշտարակաշինությունը՝ ծրագրելով իր արձանը դնել աշտարակի գագաթին և պաշտվել իբրև աստված։ Երբ իր մտահղացումը հայտնեց հորեղբոր որդուն՝ Հայկին, վերջինս բարկությամբ ասաց. «Դու շուն ես, և քո արածը շնություն է», քանի որ երբ մարդ թողնում է ճշմարիտ Աստծուն և չաստվածներ պաշտում, լինի մարդ, շնչավոր, թե անշունչ մեկը, հոգևոր շնություն, այն է թե՝ դավաճանություն է գործում, որչափ ավելի, երբ փափագում է պաշտելի դառնալ, կուռք լինել։ Այս զրույցից հետո, երբ Հայկը հեռացավ, Աստված իջավ և փոխեց մարդկանց լեզուները, որպեսզի չհասկանան միմյանց և չկարողանան ավարտին հասցնել չարաբաստիկ աշտարակի շինությունը։ Այդ պատճառով Հայկի սերունդը պահպանեց իր լեզուն՝ Նոյի, Աբրահամի և Ադամի լեզուն։ Ուրեմն Հայկի լեզուն Դրախտի լեզուն է, գրաբարյան հայերենը, որի այբուբենը դարեր անց աստվածային գյուտով հայտնվեց մեր դպրության հայր Ս. Մեսրոպ Մաշտոցին։ Աղոթատուր այբուբենով գրվեցին ու թարգմանվեցին բազում պատմական և գիտական մատյաններ՝ ամբարելով իրենց մեջ հայ ժողովրդի ինքնությունն ու բացառիկությունը՝ հաստատելով Քրիստոսահիմն եկեղեցիների սյուները, որոնց վրա է խարսխված հայ ժողովրդի հոգևոր, աշխարհագրական, քաղաքական և պատմական գոյությունը։

Բազմաթիվ թշնամիներ դարեր շարունակ ջանացել են մեր ազգը ձուլել հեթանոս և այլադավան իրենց էությանը և անհաջող փորձերից հոգնած` նահանջել ու պարտություն կրել։ Վկա Ավարայրի ճակատամարտը, որտեղ Վարդան սպարապետը նահատակվեց իր հազար երեսունվեց քաջերի հետ, սակայն երբևէ գլուխ չխոնարհեց պարսկական ատրուշանի առջև, այլ միայն կեղծ ուրացությամբ հասավ հայրենիք՝ թշնամուն արժանին հատուցելու համար։ Այս պայքարը շարունակվում է դարերով «վասն հայրենեաց և վասն հավատոյ»։ Մոնղոլ թաթարներից մինչև սելջուկ թուրքեր ջանում էին Հայաստանը դավանափոխ անել՝ հային հատուկ իմաստնությունն ու աշխատասիրությունը ծառայեցնելով իրենց շահերին ու նպատակներին։ Այսպես էր վարվում սուլթան Համիդը, ով հայտնի էր նաև Կարմիր Սուլթան անունով՝ հայերի արյունալի ջարդեր կազմակերպելու պատճառով, որի ընթացքում սպանվեց երեք հարյուր հազար հայ։ Նրան հաջորդած Երիտթուրքերը, ովքեր միայն Ադանայում սպանեցին երեսուն հազար հայ, երկրորդ ծուղակը լարեցին հայերի համար` գահընկեց անելով սուլթան Համիդին` որպես այդ ջարդերի պատասխանատուի, սակայն իրենք 1915 թվականին կոտորեցին մեկ ու կես միլիոն հայ՝ հաստատելով, թե ժառանգն են Կարմիր Համիդի և այդ կերպ լուծելով հայկական հարցը։ Դեր-Զօրի ոճրի նահատակներից էին Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը և հոգևոր ու աշխարհիկ ազգի սերուցքը հանդիսացող այլ այրեր։ Արևմտյան Հայաստանն այսկերպ հայաթափ արվեց և թուրքի յաթաղանից մազապուրծ հայերն անդաստական դարձան ու ցրվեցին աշխարհով մեկ։ Ժամանակ էր պետք, որ հայն ուշքի գա, փյունիկի պես հառնի ու հերոսներ ծնի։ Հայոց աշխարհը միշտ է քաջորդիներ ծնել, որոնց հիշատակն այսօր էլ վառ է։ Նրանք բոլոր ժամանակներում միավորվել ու դիմակայել են թշնամուն թե Ղարաքիլիսայի ու Բաշ-Ապարանի ճակատամարտերում, թե Սարդարապատում և թե Արցախյան ազատամարտի ընթացքում։ Մենք ժամանակակիցն ենք հայոց նորօրյա հերոսների, ում ջանքերով ազատագրվեց Արցախը։ 1994 թվականին ավարտված արցախյան ազատամարտը նոր շունչ առավ 2016–ի ապրիլին, որտեղ ազգովին ոտքի ելանք՝ ջանալով կոտրել սահմանը վերստին խախտած թշնամու վախկոտ բազուկը։ Ժամանակն անցնում է, բայց թշնամին նույնն է մնում՝ նենգ, վախկոտ,  թիկունքից զարկող, դաժան ու բարբարոս։

Փառք Աստծուն, որ աջակից է մեզ՝ հայերիս, սասունցի լինենք, արցախցի, վանեցի, թե ղարաքիլիսեցի։ Բոլոր նահատակների հոգիները` Ավարայրից մինչև Եղեռն և Արցախյան ազատամարտ, «ցնծում են», քանի որ կռվեցին «վասն հավատոյ և վասն հայրենյաց» և ամենագութ Աստծո ողորմությանն ապավինած՝ ննջեցին ի Քրիստոս։ Այսօր, փրկություն խնդրելով նրանց հոգիների համար և հուսալով, որ շատերը լրացրեցին երկնավոր սրբերի շարքերը, երկյուղով արտաբերում ենք. «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»։

 

 

Նաիրա ՊԵՊԱՆՅԱՆ
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն» երկշաբաթաթերթ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed