Հայկ Դեմոյանը թուրք մտավորականին պարգևատրել է Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալով

Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները, հյուրերը և գործընկերները հուլիսի 15-ին այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Այցի շրջանակում թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի գլխավորությամբ անցկացվեց պարգևատրման արարողություն:

«Թանգարանը թողարկում է ոսկե մեդալների շարք, որոնք նվիրված են տարբեր երախտավորների: Շարքը կոչվում է «Երախտագիտություն»: Սա հուշանվեր-մեդալ է, մենք մեր այցելուներին, աջակիցներին և բարեկամներին թանգարանի կողմից հանձնում ենք մեդալը որպես երախտիք: Այս մեկն Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալ է կոչվում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Հայկ Դեմոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Մարդիգանյանի անվան հուշամեդալներով պարգևատրեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնին, բարերարներ՝ Պավել Մարգարյանին և Խաչիկ Մանուկյանին, թուրք մտավորական, գործարար Օսման Կավալային:

«Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ մրցանակները հանձնվել են այն մարդկանց, որոնք օգնել են կազմակերպել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Այլևս երբեք» ծրագիրը, որի շրջանակում տարբեր երկրներում ներկայացվել են ցեղասպանության մասին ֆիլմեր: «Մարդիկ և՛ ֆինանսապես, և՛բարոյապես օգնել են մեզ ծրագիրն իրագործելու համար: Եղեռնի մասին ֆիլմերը շատ ավելի հասկանալի են, քան խոսքը: Այս տարի մենք լավ գործ արեցինք, աշխարհի տասնյակ երկրներում ցուցադրեցինք Եղեռնի մասին ֆիլմեր, մարդիկ հասկացան, թե ինչ ցավ ունի հայ ժողովուրդը: Շնորհակալություն նրանց, ովքեր մեզ օգնեցին»,-նշեց Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպել է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ:

Ծրագիրը կրել է «Այլևս երբեք» խորագիրը և ներառել է հանդիպումներ, սեմինարներ և ֆիլմերի ցուցադրություններ: Ընտրվել էին տարբեր ժամանակահատվածներում նկարահանված, Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական և խաղարկային ֆիլմեր: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ավարտից հետո:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Հայկ Դեմոյանը թուրք մտավորականին պարգևատրել է Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալով”

Leave a Reply

Your email address will not be published.