Կայացավ tatron-drama.am կայքի շնորհանդեսը

Տեղի ունեցավ հայ արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի tatron-drama.am կայքի շնորհանդեսը: Կայքի նպատակն է մեկ ընդհանուր հարթակ բերել դասական ու արդի դրամատուրիգիան եւ Հայաստանում գործող թատրոնները, ստեղծել բարենպաստ պայմաններ՝ ազգային թատրոնի եւ ազգային դրամատուրգիայի փոխհամագործակցության համար:

Կարինե Խոդիկյանը նշեց, որ ստեղծվող շտեմարանի հիմքը 2000 թվականից պարբերաբար տպագրվող «Դրամատուրգիա» հանդեսն է. «Մտածեցինք, որ ժամանակն է ընդլայնել նրա ճանաչման սահմանը, պահանջը վաղուց կար»: Կարիենե Խոդիկյանն իր նորաբաց կայքի շնորհանդեսին հաշված մարդկանց էր հրավիրել՝ դրամատուրգիայի զարգացման հետ անմիջական կապ ունեցողներին:

Պատվավաոր հյուրերի շարքում էին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, դրամատուրգ Նորայր Ադալյանը, դրամատուրգ Սամվել Կոսյանը եւ երիտասարդ թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը, որի հոդվածը պատվիրվել է նորաստեղծ կայքի առաջին տեսական հատվածի համար:

Կարինե Խոդիկյանն ասաց, որ երիտասարդ դրամատուրգներին եւ թատերագետներին բազմիցս առաջարկել է նմանատիպ հարթակ ստեղծել, սակայն ասել են, որ իմաստ, չունի քանի որ դրամատուրգներից շատերն իրար հետ այնքան լավ հարաբերությունների մեջ չեն եւ քննարկումների նոր հարթակ ստեղծելը ավելորդ կոնֆլիկտի առիթ է հանդիսանալու:

«Ինձ հետաքրքիր չէ, թե իտալացի կամ անգլիացի մեկի գործը ինչպես է բեմադրում հայ բեմադրիչը, ուստի, այս կայքի նպատակն է, որ ցանկացած հայ դրամատուրգի գործերի մասին՝ լինեն դասական, թե՝ ժամանակակից, հրապարակվելուց հետո առնվազն երեքից չորս թատերագետների կողմից կայքի պատվերով գրվեն հոդվածներ: Հոդվածագիրներից ամեն մեկն իր դիտարկումներով հանդես կգա, ապա կլինի կլոր սեղան եւ կարծիքների փոխանակում, գուցե եւ մտքերի բախում»,- ահա այսպես է Խոդիկյանը պատկերացնում կայքի հետ կապված հետագա ծրագրերը:

Երվանդ Ղազանչյանը, խոսելով դրամատուրգիայի, հայ թատրոնի եւ ռեժիսորների մասին, նշեց, որ մինչ օրս հայ ռեժիսորների «աչքը դուրսն է»: «Ոնց որ Թումանյանն էր ասում՝ էդ Եվրոպեն շատ փիս բաներ բերավ մեր երկիր: Դրսից գալիս են փիս բաները, մեր ռեժիսորներն էլ այդ փիս բաներն են բեմադրում, մեր ցանկությունն է, որ ռեժիսորները զբաղվեն ռեժիսորությամբ, հայ պիեսների բեմադրությամբ»,- ասաց Երվանդ Ղազանչյանը:

Բեմադրիչը մեջբերեց հայ ռեժիսորների արտահայտություններից մի քանիսը. «Պիեսը լավ չի գրված՝ պիտի նորը գրեմ, չորրորդ գործողությունը պիտի բերեմ առաջինի տեղ, երկրորդը ընդհանրապես հանեմ, երաժշտական, նկարչական ձևավորումը ես պետք է անեմ: Այս բոլորն անելուց հետո պարզվում է, որ խեղճը պիտի ռեժիսորություն էլ սովորի»,- ասաց Երվանդ Ղազանչյանը եւ վստահեցրեց, որ այսօր ռեժիսորները ռեժիսորություն չգիտեն, փոփոխում, տեքստը հարմարեցնում են իրենց, ինչը շատ սխալ է, դրա համար էլ պիեսներն այդ վիճակում են:

Ղազանչյանը խոստովանեց, որ ուրախանում է, երբ հայ ռեժիսորները հայ դրամատուրգիա քիչ են բեմադրում, քանի որ վտանգը մեծ է, որ կաղավաղեն եւ պիեսից ոչինչ չի մնա: Նա նկատեց, որ այսօր հայ թատրոնը լցված է արտասահմանյան պիեսներով, որոնք հիմնականում գոտկատեղից ներքև են եւ ցավալի է, որ այդքան մեծ պահանջարկ կա: «Գիտեմ՝ այդ պահանջարկն ինչից է, ամեն ինչ անում են, որ դահլիճն ուշաթափվի, եթե տեսնում են՝ չի ուշաթափվում, չի ծիծաղում, գոտկատեղից ներքև մի բան են անում, որ ծիծաղի»,- ասում էր Երվանդ Ղազանչյանը:

Նախկինում, ըստ նրա, պարտադրվում էր, որ ամեն թատրոն ունենա հայ դասական, հայ ժամանակակից հեղինակ, նման պարտադրանք հիմա չկա: Խաղացանկ կա, բայց գերակշիռ մասը պարտավոր է ունենալ հայ դասական դրամատուգիա, այլապես հայ թատրոն կոչվել չի կարող: «Ժամանակ կգա ու մարդիկ կասեն, որ այս տարիներին թատրոն չի եղել, քանի որ կանոնավոր վերլուծություն էլ չկա, թատրոնի մասին չի գրվում այսօր»:

Թատերագետ, հրապարակախոս Տիգրան Մարտիրոսյանը, հակադարձելով Երվանդ Ղազանչյանին, ասաց, որ թատրոնի մասին գրողներ կան, պարզապես իրենք անտեսված են, այսօր չկա իրենց տրամադրված հարթակ, որտեղ իրենց հոդվածներով հանդես գալու համար թատերագետները հավուր պատշաճի կվարձատրվեն: «Գոնե կարողանանք մեր նվազագույն կենսապայմաններն ապահովել, այլապես 15 հազար դրամով 2 ամիս աշխատելն առնվազն ծիծաղելի է»,- ասաց Տիգրան Մարտիրոսյանը:

Վերջինս այս հարցը մշակույթի նախարարությունում էլ է բարձրացրել, Արմեն Ամիրյանն ընդհատել է նրա խոսքն ու ասել, որ նման հարթակի ստեղծումը նպատակահարմար չի: «Հույս ունենանք, որ այս կայքը հարթակ կստեղծի, որպեսզի թատերական գործից հեռու մեր չինովնիկները հասկանան, որ առանց թատերագիտության չի կարող լինել առողջ թատրոն»,- ասաց երիտասարդ թատերագետը:

 

 

Հեղինակ` Աղունիկ Հովհաննիսյան

Աղբյուրը` armtimes.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed