Խաչատրյանի մրցույթը շատ օբյեկտիվ է և մեծ հեղինակություն ունի. ժյուրիի անդամ Ս. Ռոլդուգին

Հանրահայտ թավջութակահար, դիրիժոր, մանկավարժ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Սերգեյ Ռոլդուգինի կարծիքով Խաչատրյանի միջազգային մրցույթն ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն ունի: Մարիինյան թատրոնի մենակատար ու դիրիժոր Ռոլդուգինն այս տարվա խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամներից էր: Փաստում է՝ հունիսի 6-14-ը թավջութակ մասնագիտությամբ անցկացված մրցույթը շատ լավ էր կազմակերպված:

«Մրցույթի որոշ մասնակիցներ բարձր կատարողական մակարդակի տեր երաժիշտներ էին: Բոլոր նրանք, ովքեր անցան եզրափակիչ փուլ, արժանի են, որպեսզի ունենան մենակատարի միջազգային կարիերա: Չնայած եզրափակչի բոլոր չորս արտիստները տարբեր էին, բայց արդեն մեծ հետաքրքրություն են առաջացնում թե՛ հանրության, թե՛ համերգային մենեջերների համար, ովքեր հիմա արդեն պետք է «որսան» նրանց»,-նշում է Սերգեյ Ռոլդուգինը:

Ռուսաստանի Մարիինյան թատրոնի մենակատարն ու դիրիժորը փաստում է՝ մրցույթն առանձնացավ ժյուրիի յուրահատուկ կազմով: Օրինակ, ժյուրիի պատվավոր նախագահն էր ժամանակակից մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ով եկել էր Հայաստան և, Ռոլդուգինի խոսքով, նույնպես շատ էր զարմացել երաժիշտների կատարողական մակարդակից:

Միջազգային ասպարեզում հայտնի արտիստ Ռոլդուգինը փաստում է՝ խաչատրյանական մրցույթը հայտնի է նրանով, որ բացահայտում է նոր տաղանդների, շատ հետաքրքիր արտիստների: «Մրցույթը շատ օբյեկտիվ է և մեծ հեղինակություն ունի: Մարդիկ ամբողջ աշխարհից կարող են հանգիստ գալ, մասնակցել, և վստահաբար կհաղթի լավագույնը»,-հատուկ շեշտում է Ռոլդուգինը:

Բազում մրցանակների դափնեկիրը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ թավջութակը՝ որպես գործիք, այդքան էլ մեծ ժողովրդականություն չի վայելում: Նա փաստում է՝ աշխարհում շատ տաղանդավոր թավջութակահարներ կան, և այս գործիքի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծանում:

«Ես համաձայն չեմ, որ այն մեծ ժողովրդականություն վայելող գործիք չէ, որովհետև թավջութակի համար ստեղծագործություններ այսօր շատերն են գրում: Թավջութակը հիանալի ձայնածավալ (դիապազոն) ունի, որն իր մեջ է ներառում կոնտրաբասի ու ջութակի, ինչպես նաև մարդկային ձայնի հնչողությունը: Եվ դա գրավում է հատկապես ժամանակակից կոմպոզիտորներին: Այսօր թավջութակը շատ պահանջված գործիք է»,-նշում է ժյուրիի անդամը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն այս տարի անցկացվեց հունիսի 6-14-ը՝ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

 

Աղբյուրը՝  armtimes.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed