«Խաղաղություն Արցախին» խորագրով քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիում Շուշիում

Շուշիում մեկնարկել է ծնունդով շուշեցի անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան «Խաղաղություն Արցախին» խորագրով քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումը, որը նվիրված է զինադադարի կնքման 20-ամյակին:

10 օր շարունակ Իտալիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Հայաստանից ԼՂՀ ժամանած և նրանց միացած արցախցի քանդակագործները Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի քանդակների պուրակում ազատ թեմայով քանդակներ կկերտեն:

Տաղանդավոր քանդակագործ Հակոբ Գյուրջանի անունը կրող քանդակագործության միջազգային սիմպոզիումը Արցախում կազմակերպելու գաղափարը իտալիական Ֆլորենցիայում բնակվող Վիգեն Ավետիսի մոտ ծնվել է 3 տարի առաջ և կյանքի կոչվել Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքում:

Վիգեն Ավետիսի խոսքով, Արցախ այցելած սիմպոզիումի մասնակիցներին չի մտահոգում Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու հանգամանքը. «Եթե արվեստագետն ի ծնե արվեստագետ է, նա, բնականաբար, վախ չունի»,- Aparaj.am-ի հետ զրույցում նշել է քանդակագործը՝ հավելելով. «Արցախ են գալիս ի ծնե արվեստագետները և նրանց չեն հետաքրքրում բյուրոկրատական հարցերը, նրանց հետաքրքրում է մեկ բան. իրենց արվեստը տանել և այն թողնել մի երկրում, որն ունի այդ արվեստի կարիքը: Ադրբեջանցիներն իմ ամբողջ խմբին մտցրել են իրենց սև ցուցակում, բայց այդ իրենց խնդիրն է: Մենք անում ենք մեր գործը. մենք ստեղծագործում ենք: Հայը միշտ եղել է ստեղծագործող, իսկ իրենք` քանդող: Մենք այնքան շատ պետք է ստեղծենք, որ նրանք չհասցնեն քանդել»:

Ինչո՞ւ է հենց Շուշիում Վիգեն Ավետիսը նման սիմպոզիումներ կազմակերպում հարցի պատասխանն այսպիսին է. «1992 թվականին Շուշիին խոստացել էի, որ կվերադառնամ և ինչ-որ բան կանեմ Շուշիի համար: Եվ ես վերադարձա այս նախաձեռնությամբ: Կարծում եմ՝ մարդ պետք է կազդուրվի, որ կարողանա ստեղծագործել, իսկ Արցախն արդեն սկսել է ստեղծագործել: Ես կոչ եմ անում երիտասարդներին, որ չլքեն Արցախը, քանզի Արցախն այն հողն է, որը ստեղծագործողների կարիք ունի»:

Հավելենք, որ միջազգային երրորդ սիմպոզիումի ընթացքում կերտված քանդակները կմնան Շուշիում և կտեղադրվեն քաղաքի տարբեր վայրերում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Խաղաղություն Արցախին» խորագրով քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիում Շուշիում”

Leave a Reply

Your email address will not be published.