Լիբանանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ է տեղի ունեցել

Հայ երաժիշտները Լիբանանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով են հանդես եկել երկրի լավագույն իրադարձություններից մեկին` Բեյթեդին արվեստի փառատոնին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը Լիբանանից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը`Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերի հետ օգոստոսի 8-ին փայլուն ելույթ է ունեցել Beiteddine Art Festival-ի շրջանակում:

«Համերգը մեկնարկել է Խաչատրյանի Սպարտակ սյուիտի կատարմամբ: Այնուհետև բեմ է բարձրացել մեր անվանի և տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ով նվագախմբի հետ փայլուն կերպով կատարել է Բրամսի Ջութակի կոնցերտը: Այս կոնցերտի մասերի կատարման ժամանակ բուռն ծափողջյուններ են հնչել»,-տեղեկացրել է Արման Պադարյանը:

Երեկոյի ընթացքում նվագախումբը և երգչախմբերը ղեկավարել է ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Երկրորդ բաժնում հնչել է Մոցարտի Ռեքվիեմը: Որպես բիս հնչել է Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմից հատված: Անդադար ծափահարություններից և «բրավո»-ներից հետո համերգն ավարտվել է: Երեկոյին մասնակցել է մոտ 3000 հանդիսատես: Համերգի բոլոր մասնակիցները, աշխատակազմը, VIP հյուրերն իրենց կրծքին կրել են «անմոռուկ»: Այդ սիմվոլով է զարդարված եղել նաև բեմը»,- հավելեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսերը:

Որպես մենակատարներ համերգային երեկոյի ընթացքում հանդես են եկել նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո) և Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն):

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Լիբանանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ է տեղի ունեցել”

Leave a Reply

Your email address will not be published.