Իսրայելի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

news.am-ը գրում է ՝

Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Յակով Մարգին («Շաս»):

«Հայոց ցեղասպանությունը ճանաչելը մեր բարոյական պարտականությունն է»,- հայտարարել է Մարգին: Նա ափսոսանք է հայտնել, որ Իսրայելը մինչեւ հիմա Օսմանյան կայսրությունում 500 հազարից մինչեւ 1.5 մլն հայ բնակչության կոտորածը ցեղասպանություն չի ճանաչել: Նա Կնեսետի նախագահ Էդելշթեյնին կոչ է արել ուղղել սխալը:

Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին հանդես են եկել նաեւ հանձնաժողովի անդամներ Զահավա Գալյոնը («Մերեց»), Դով Հանինը (Միացյալ արաբական ցանկ), Զուհեյր Բաալուլը եւ Նահման Շայը («Սիոնական ճամբար»):

Հանձնաժողովի հանդիպման նախաձեռնող Զահավա Գալյոնը հայտարարել է. «Մենք ամեն տարի դեռ հույս ենք դնում այստեղ նստած մարդկանց վրա: Կնեսետի համար ամոթ է՝ տարեցտարի շարունակել այս հարցի քննարկումն ու որոշում չկայացնել այն մասին, որ Իսրայել պետությունն ու իսրայելական օրենսդիր մարմինը ճանաչում են հայ ժողովրդի ցեղասպանությունը»:

Հարկ է նշել, որ անցյալ ամիս Կնեսետում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ խորհրդարանի խոսնակը նույնպես սատարել է ճանաչման գաղափարը: Հայոց ցեղասպանության ճանաչման ամենավառ կողմնակիցներից մեկն Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն է:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed