Ինչո՞ւ են մարդիկ բղավում

Մի անգամ ուսուցիչը հարցրեց աշակերտներին.

– Մարդիկ ինչո՞ւ են վեճի ժամանակ իրենց ձայները բարձրացնում:

– Երևի իրենց խաղաղությունը կորցնում են,- ենթադրեցին աշակերտները:

– Բայց ձայնը բարձրացնելու ի՞նչ կարիք կա, եթե երկրորդ մարդը կողքիդ է գտնվում,- հարցեց ուսուցիչը:

Աշակերտները միայն ուսերն էին թոթվում: Երբեք չէին մտածել այդ մասին:

Այդժամ ուսուցիչն ասաց.

– Երբ մարդիկ վիճում են և նրանց միջև եղած դժգոհությունն աճում է՝ նրանց սրտերը հեռանում են միմյանցից: Եվ դրանց հետ միասին հոգիներն էլ են հեռանում: Եվ նրանք ստիպված են լինում իրենց ձայները բարձրացնել, որպեսզի լսեն միմյանց: Եվ որքան մեծ է նրանց վիրավորանքն ու չարությունը, այնքան բարձր են գոռում: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդիկ սիրահարված են: Նրանք իրենց ձայները չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում: Նրանց սրտերն իրար մոտ են գտնվում, իսկ նրանց միջև եղած տարածությունը, գործնականորեն, ամբողջապես ջնջվում է:

– Իսկ ի՞նչ է կատարվում, երբ սերն է կառավարում մարդկանց,- հարցրեց ուսուցիչը,- Նրանք նույնիսկ չեն խոսում, այլ միայն շշնջում են: Իսկ երբեմն բառեր էլ պետք չեն՝ նրանց աչքերն են խոսում ամեն ինչի մասին: Մի՛ մոռացեք, որ վեճերը ձեզ իրարից հեռացնում են, իսկ բարձր տոնով ասված խոսքերը բազմակի անգամ մեծացնում են այդ տարածությունը: Մի՛ չարաշահեք այդ, որովհետև կգա մի օր, երբ ձեր միջև եղած տարածությունն այնքան կմեծանա, որ այլևս չեք գտնի ետդարձի ճամփան:

 

 

Թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուրը`  surbzoravor.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed