Թուրքիայի հայկական «Քամփ Արմեն» մանկատունը կվերակառուցվի իր սկզբնական տեսքով

Ստամբուլի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է «Արմեն ճամբար» (Kamp Armen) անվամբ հայտնի հայկական որբանոցի վերակառուցման նոր նախագիծը: Թուրքական  «Haberler.com» լրատվակայքի փոխացմամբ՝ նոր նախագծով նախատեսվում է պահպանել կառույցի նախնական տեսքը՝ դարձնելով այն սոցիալ-մշակութային հիմնարկ:

Քաղաքային խորհրդի անդամ, Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Հյուսեյին Սաղը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել.

«Շենքը վերածվեց սոցիալ-մշակութային հաստատության: Այժմ մեր հայ քաղաքացիները, ոչ մուսուլմանները կամ մուսուլմանները միասին այն կշահագործեն: Հրանտ Դինքի պես մարդ է ապրել այս մանկատանը: Դրանից էլ այն այդչափ կարևոր է»:

Ինչպես հայտնի է՝ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Քամփ Արմեն» մանկատանն են մեծացել 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի պոլսահայ լրագրող և հասարակական գործիչ Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը:

«Քամփ Արմենը»  կառուցվել է 1961թ. Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու կողմից գնված հողատարածքում՝ նաև բազմաթիվ որբ ու աղքատ հայ մանուկների մասնակցությամբ: Այնուհետև այստեղ ապաստանել են շուրջ 1500 հայ մանուկներ:

2015թ. մայիսի 6-ի առավոտյան սկսվել էր 8.552 քմ տարածք զբաղեցնող մանկատուն-ճամբարի շենքի ապամոնտաժումը: Հողատարածքի սեփականատիրոջ նախաձեռնությամբ շինության մի մասն արդեն իսկ քանդվել էր, երբ Թուրքիայի հայ համայնքը բողոքի լայնածավալ ակցիաներ սկսեց և ճամբարի ներսում հերթապահություն սահմանեց՝ ապամոնտաժումը խափանելու նպատակով:

175 օր տևած ցույցերից և հերթապահությունից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 27-ին, «Քամփ Արմենը» պաշտոնապես վերադարձվեց հայ համայնքին. ճամբարի սեփականության իրավունքը հանձնվեց Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին:

Աղբյուր`    Ermenihaber.am
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed