Թե ինչպես 1920 թվականին կործանվեց Առաջին հանրապետությունը

Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գարեգին Նժդեհը մի այսպիսի շատ դիպուկ ձևակերպում ունի. «Աղետավոր չէ կորուստներ ունենալը, աղետավոր է` զուր կորուստներ ունենալը: Այսինքն՝ անցյալի դեպքերից խրատվել ու սթափվել չիմանալը: Իսկ ավելի պարզ՝ աղետավոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թե միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ և հենց իրենք՝ ժողովուրդները»:

Հայաստանի Առաջին hանրապետությունը փաստացի կորցրեց իր անկախությունը 1920 թվականի դեկտեմբերի 2-ին՝ քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի զորաբանակների կողմից Հայաստանի տարածքների համատեղ ծրագրված ռազմակալման արդյունքում: Հետաքրքիր է տեղեկանալ, որ արխիվներում պահպանվել է Հայաստանի անկախության կորստի իրական պաշտոնական փաստաթուղթ: Ներկայացնենք պատմական այդ հազվագյուտ հրամանագիրը` 1920-ի դեկտեմբերի 2-ին «Իշխանության փոխանցման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մայրաքաղաք Երևանում ընդունված Ակտը, այսինքն` Հայաստանի կառավարության ինքնալուծարման և Հայաստանի ինքնիշխանությունը հօգուտ Խորհրդային Ռուսաստանի զիջելու վերաբերյալ:

Ակտը ստորագրել են վարչապետ Սիմոն Վրացյանը, նախարարներ Արշակ Հովհաննիսյանը, Արշամ Խոնդկարյանը, Համբարձում Տերտերյանը, Դրաստամատ Կանայանը (Դրո) և կառավարության դիվանապետ Համլիկ Թումանյանը (հայ մեծ բանաստեղծի որդին)։ Ընդամենը մեկ դրամատիկ նախադասության մեջ` Հայաստանի որպես անկախ և ինքնիշխան երկրի դաժան դատավճիռն է. «Ի նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիվ երկրում ստեղծված կացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր 1920 թվի դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց` հրաժարվել Իշխանությունից և հանձնել Զինվորական և Քաղաքացիական բովանդակ Իշխանությունը զորաբանակի Ընդհանուր հրամանատարին, որպիսի պաշտոնում նշանակել Ռազմական նախարար Դրոյին»:

Այդ ամենի նախապատմությունը հետևյալն էր: 1920-ին սկսվեց քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի մերձեցումը, որը նույն տարվա աշնանը նորանակախ Հայաստանի Հանրապետության համար տվեց իր դառը պտուղները: Սեպտեմբերի 28-ին թուրքական բանակը, բոլշևիկներից մեծ օժանդակություն ստանալով, արևմուտքից ներխուժեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը՝ Կարսի մարզ, այնուհետև՝ Ալեքսանդրապոլ (Գյումրի), իսկ նոյեմբերի 29-ին հյուսիս-արևելքից Հայաստանի ներկայիս Տավուշի մարզ մտավ արդեն ռուսական 11-րդ Կարմիր բանակը և Իջևանում (Քարվանսարա) հռչակեց խորհրդային կարգեր: Նոյեմբերի 30-ին Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը Հայաստանի կառավարությանը վերջնագիր ներկայացրեց՝ ողջ իշխանությունն անհապաղ հանձնել Իջևանում գտնվող և ռուսական կողմից Բաքվում ձևավորված խորհրդային Հեղկոմին, այլապես ռուս-թուրքական կոալիցիոն զորքերը պատրաստ էին ժամերի ընթացքում հարձակվել և գրավել Էջմիածինն ու Երևանը:

Հայաստանի կառավարությունը, երկրի վերջնական ավերումն ու խաղաղ բնակչության վերահաս կոտորածը ինչ որ կերպ կանխելու նպատակով, ստիպված է լինում համաձայնել այդ վերջնագրին և ընդունել դեկտեմբերի 2-ի վերոնշված այդ Ակտը: Այնուհետև` դեկտեմբերի 4-ին Դրոն իր լիազորությունները հանձնում է Երևան ժամանած խորհրդային Հեղկոմին, որից հետո Երևան են մտնում ռուսական 11-րդ Կարմիր Բանակի զորամիավորումները` վերջակետ դնելով հայկական անկախ պետականության գոյությանը: Իսկ արդեն 1921 թվականի մարտին ստորագրված ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության Մոսկովյան պայմանագրի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես զրկվեց իր օրինական տարածքների զգալի մասից՝ հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի»:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed