Թե ինչու և ինչպես «հայկականացվեցին» ցարական Ռուսաստանի նամականիշները

Ինչպիսի՞ն են եղել Հայաստանի երեք հանրապետությունների առաջին նամականիշները: Ցանկացած երկրի համար մեծ նշանակություն ունի փոստային շրջանառության կազմակերպումը, և այդ գործընթացում կարևոր դեր է վերապահված փոստային նամականիշներին: 1918 թվականի Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնվեց ծանրագույն ժամանակաշրջանում՝ Հայաստանը միաժամանակ և՛ դիմակայում էր թուրքական ագրեսիային, և՛ փաստացի զրոյից ձեռնամուխ էր եղել պետական կառույցների ստեղծմանը: Նորանկախ երկրում հրատապ կարգով պետք էր կազմակերպել նաև փոստային շրջանառության գործընթացը: Ուշագրավ է տեղեկանալ, որ սկզբում այդ նպատակի համար օգտագործվեցին պահեստներում մնացած և արդեն գործածությունից դուրս եկած ցարական Ռուսաստանի նամականիշները: Հենց նրանք էլ դրվեցին շրջանառության մեջ, և որպեսզի նամականիշները որոշ չափով «հայկականացվեն», նրանց վրա ուղղանկյան մեջ դրոշմվում էր Հայաստանի անվանման սկզբնատառը՝ «Հ»:

Հայկական առաջին նամականիշները Հայկական առաջին պետական նամականիշերը տպագրվեցին արդեն 1920թ. սկզբին Փարիզի «Chassepot» տպագրատանը` ճանաչված նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի էսքիզների հիման վրա: Տպագրված խմբաքանակը մեծ դժվարությամբ հասավ Երևան 1920-ի նոյեմբերին, սակայն քանի որ երկրում այդ ժամանակ կրկին պատերազմական ծանր իրավիճակ էր, այն պահեստավորվեց և այդպես էլ Առաջին հանրապետության օրոք շրջանառության մեջ չդրվեց: Արշակ Ֆեթվաճյանի ստեղծած նամականիշները եղել են 3 պատկերներով՝ «Ճախարակ», «Արծիվ», «Արարատ», ինչպես նաև ունեցել են տարբեր գունային երանգներ և երկու ձևաչափ՝ ուղղահայաց և հորիզոնական: Ընդամենը տպագրված է եղել 10 տեսակի նամականիշ՝ 1-ից մինչև 100 ռուբլի նոմինալ արժողությամբ: Համենայն դեպս, այդ նամականիշները հասցրին կատարել իրենց «առաքելությունը». մինչ կտպագրվեին արդեն Խորհրդային Հայաստանի փոստային նիշերը, նոր իշխանությունները 1921 թվականին շրջանառության մեջ դրեցին Ֆեթվաճյանի «փարիզյան» նամականիշները՝ վրան դրոշմելով Խորհրդային Հայաստանի զինանշանը:

 Հայկական նամականիշներ 1921 և 1922 թվականներին Կ.Պոլսի «Եսայան» տպագրատանը երկու թողարկումով տպագրվեցին Խորհրդային Հայաստանի առաջին պաշտոնական նամականիշները, որի գեղարվեստական ձևավորումը կատարել էր Սարգիս Խաչատուրյանը: Այս շարքում ուշադրության են արժանի հայկական միջնադարյան ավանդական զարդաքանդակներով պատկերները: Իսկ ահա արդեն մեր օրերի՝ Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին «Արարատ լեռ և եռագույն» նամականիշը տպագրվեց 1992 թվականին: Այդ նամականիշի հեղինակը նկարիչ-դիզայներ Հարություն Սամուելյանն էր. հենց նրա աշխատանքը հաղթեց Հայաստանի անկախ Հանրապետության առաջին նամականիշի պատրաստման նախապես հայտարարված մրցույթում:

Հեղինակ` Ռուբեն Շուխյան

Աղբյուրը` armeniasputnik.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed