«Էտյուդ» փառատոնը հարթակ կլինի տաղանդավոր երեխաների և պատանիների համար

Հոկտեմբերի 13-ին  կմեկնարկի  «Էտյուդ»  հանրապետական մանկապատանեկան առաջին մրցույթ-փառատոնը, որը հանդիսանում  է  Հայաստանում  տասնչորս տարվա գործունեություն  ծավալող <<Մինորա>>  մշակութային կենտրոնի  հերթական  նախաձեռնությունը:

Նկարչության, ասմունքի և թատերարվեստի ճյուղերն  ընդգրկող փառատոնն անցկացվելու է  տարվա մեջ մեկ անգամ: Ի տարբերություն ասմունքի և թատերարվեստի, որոնք անցկացվելու են մեկ փուլով, նկարչությունը նախատեսվում է անցկացնել երկու՝ նախընտրական և մրցութային փուլերով: Հոկտեմբերի 13-ին կմեկնարկի  նկարչության նախընտրական փուլը՝  «Սպիտակ» մարզամշակութային կենտրոնում: Իսկ Մոսկովյան 3 հասցեում գտնվող Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում  հոկտեմբերի 23-ին կկայանա նկարչության  մրցութային փուլը: Ասմունքի եւ թատերարվեստի փուլերը կանցկացվեն հոկտեմբերի 14,15 եւ 16-ին  Զեյթունի մշակույթի տանը:

Հինգ օրվա մրցակցությունից  հետո նոյեմբերի 6-ին՝ մրցանակաբաշխության ժամանակ,  ժյուրիի անդամները կհայտարարեն  յուրաքանչյուր ոլորտի  հաղթողների անունները՝  արժանացնելով նրանց  մրցանակների և տարատեսակ  այլ  խրախուսական նվերների:

<<Ինչ վերաբերում է մասնակիցներին, ովքեր չեն արժանանա հաղթողի կոչմանը, անմասն չմնալով՝   որպես խրախուսանք կստանան շնորհակալագրեր ու  հավաստագրեր>> – նշեց փառատոնի համակարգող-կազմակերպիչ  Հայկ Գևորգյանը, ով, սակայն, չցանկացավ անդրադառնալ ժյուրիի  անդամներին, ցանկանալով  պահել վերջիններիս գաղտնիությունը  թե՛ մեզ, թե՛ փառատոնի անդրանիկ մասնակիցների համար:

 

Հեղինակ՝  Հասմիկ Կոշկարյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed