Երևանում համերգ կունենա Ջոշուա Բելը

Նոյեմբերի 15-ին ժամը 19։30 Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո կանցկացվի The Academy of ST Martin in the Fields համերգը։

Ջոշուա Բելը մեր դարաշրջանի ամենահայտնի ջութակահարներից է, ով իր վիրտուոզության և բազմակողմանի երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ եզակի երևույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում: 2011թ.-ին Ջոշուա Բելը դարձավ Academy of St Martin in the Fields նվագախմբի առաջին երաժշտական տնօրենը` Սըր Նևիլ Մարիներից հետո, ով հիմնադրել էր նվագախումբը 1958թ.-ին:

Լինելով «Սոնի քլասիք» ըկերության բացառիկ արտիստ՝ Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ։ Իր առաջին ձայնագրությունը կատարելով 18-ամյա հասակում «Դեկկա»-յի հետ՝ արժանացել է «Գրեմմի», «Հերմես», «Պատեֆոն» և «Էքո քլասիք» մրցանակներին։ Academy of St Martin in the Fields նվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաները, որը Բիլբորդի ցանկում գրավել է առաջին տեղը:

Համոզված լինելով երաժշտության՝ դիվանագիտական և կրթական գործիք լինելու մեջ, նա հանդես է եկել երեք ամերիկյան, ինչպես նաև Չինաստանի նախագահների առջև, մասնակցել է մի քանի բարեգործական ձեռնարկների, որոնցից հատկապես նշանակալից է «Կրթություն երաժշտության միջոցով»-ը, որն օգնել է գործիքներով ապահովել տասնյակ հազարավոր կարիքավոր երեխաների: Բելը նվագում է 1713 թվականին ստեղծված և ականավոր երաժիշտ Բրոնիսլավ Հուբեռմանին պատկանած Ստրադիվարիուսի ջութակը և օգտագործում է 18-րդ դարի ֆրանսիացի վարպետ  Ֆրանսուա Տուրտիի պատրաստած աղեղը:

Աշխարհի լավագույն կամերային «Խումբդիրիժորի նվագախումբ» տիտղոսը կրող խումբը հիմնվել է 1958թ.-ին` Սըր Նևիլ Մարիների կողմից, լոնդոնցի մի խումբ առաջատար երաժիշտների կազմով։ Նվագախումբն իր առաջին ելույթն ունեցել է համանուն եկեղեցում` 1959թ.-ի նոյեմբերին։ Իր կենդանի կատարումների և բազմաթիվ ձայնագրությունների միջոցով (որը ներառում է 1969թ.-ին բեսթսելեր դարձած Վիվալդիի «Տարվա եղանակների» և 1985-ի օսկարակիր «Ամադեուս» ֆիլմի երաժշտության ձայնագրությունները), Academy of Saint Matin in the Fields շատ արագ ձեռք է բերել աննախադեպ միջազգային հեղինակություն՝ իր տարբերվող, նրբին և վճիտ հնչողության համար։

Այսօր խմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր տնօրենն է վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելը, ով, պահպանելով առանց դիրիժորի ղեկավարության հանդես եկող այս նվագախմբի ուրույն ոճը և եզակիությունը, դարձել է խմբի խորհրդանիշը։ Ամեն տարի խումբն աշխատում է դասական երաժշտության ասպարեզի առավել տաղանդավոր մենակատարների և դիրիժորների հետ՝ աշխարհի ամենահեղինակավոր բեմերում կատարելով ահռելի ծավալի սիմֆոնիկ և կամերային երաժշտություն: Նվագախումբը 2015–2016թթ. համերգաշրջանում երաժշտական տնօրեն Ջոշուա Բելի հետ կիրականացնի համերգներ և միջազգային հյուրախաղեր Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:

Կատարած լինելով ավելի քան 500 ձայնագրություն՝ Academy of Saint Matin in the Fields -ը աշխարհում ամենից շատ ձայնագրված կամերային նվագախմբերից մեկն է։ Այս համերգաշրջանում Ակադեմիան նախատեսել է Ջոշուա Բելի հետ ձայնագրել Բեթհովենի սիմֆոնիաների շարքի երկրորդ ալբոմը՝ հետևելով քննադատների կողմից բարձր գնահատված Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաներին, որոնք առաջին տեղ են գրավել Բիլբորդի դասական ալբոմների ցանկում (2013թ., մարտ)։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed