Երևանում անցկացվեց «Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլը

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության կազմակերպմամբ և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի համակարգմամբ  անցկացվեց «Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային 15-րդ մրցույթի հայաստանյան փուլը, որին այս տարի մասնակցում են ոչ միայն ուսանողներ, այլև դպրոցականներ:

Մրցույթի մեկնարկին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը:

««Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային 15-րդ մրցույթի համահայկական փուլնն արդեն երրորդ անգամ անցկացվում է ուսանողների և առաջին անգամ՝ դպրոցականների շրջանում:

Մրցույթը վերաբերում է չինարենին, առաջին հերթին լեզվին, ուսանողները և աշակերտները հանդես են գալու մենախոսությամբ, չինարեն պատասխանելու են ժյուրիի հարցերին»,-ասաց Գոռ Սարգսյանը:

Նշենք, որ մրցույթի հայաստանյան փուլին մասնակցում է 8 ուսանող և 6 աշակերտ:

«Առաջին տեղը զբաղեցրած աշակերտն ու ուսանողը մեկնելու են Չինաստան՝մասնակցելու «Չինարեն լեզվի կամուրջ»-ի համաշխարհային փուլին: Երկրորդ տեղերը գրավածները նույնպես կմեկնեն՝ որպես դիտորդ»,-նշեց Գոռ Սարգսյանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, ով մրցույթի մասնակիցներին և հյուրերին ողջունեց ռուսերենով, հույս հայտնելով, որ հաջորդ անգամ կխոսի չինարենով և բոլորն իրեն կհասկանան:

«Մեկնարկում է չինարենի թվով երրորդ մրցույթը և առաջինը, որին մասնակցում են հայ դպրոցականները, դա հատկանշական է, դա խոսում է Հայաստանում չինարենի և չին մշակույթի աճող հետաքրքրության մասին»,-ասաց դեսպանն՝ ավելացնելով. « Ուզում եմ նշել, որ նման հետաքրքրությունը երկկողմ է, նախորդ տարի Չինաստանում բացվել է առաջին հայագիտության կենտրոնը, և երկու բուհերում հայերեն են ուսումնասիրում»:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երևանում անցկացվեց «Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան փուլը”

Leave a Reply

Your email address will not be published.