«Երկրաշարժի» չարչարանքները

Հայտնի դարձավ, որ Ամերիկյան կինոակադեմիան որակազրկել է Հայաստանի կողմից «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմը, որի պաշտոնական անվանումը «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի հայտերի ցուցակում այսպիսինն է՝ «Zemletryaseniye (Earthquake)»:

Ֆիլմի հայաֆիկացված անվանումն է «Երկրաշարժ», այն արտադրել է ռուսաստանյան «Մարս մեդիա» կինոընկերությունը: Ֆիլմը պաշտոնապես համարվում է ռուս-հայկական համատեղ արտադրանք, որի ընդհանուր բյուջեն կազմել է 3 միլիոն դոլար: Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնեցին, որ «Երկրաշարժին» ֆինանսական ներդրում չի արվել, աջակցությունը եղել է զուտ խորհրդատվական և կազմակերպչական:

«Օսկարի» կոմիտեն համարել է, որ «Երկրաշարժը» «չի համապատասխանում մրցանակաբաշխության պահանջներին»: Ընտրության այս փուլում խոսքը ոչ թե գեղարվեստական, այլ զուտ տեխնիկական հարցերն են:

Ըստ հայտատուի փաստաթղթերի ստացվել է, որ ֆիլմի ստեղծագործական խմբի մեծամասնությունը (համենայնդեպս, ֆիլամարտադրող առանցքային մասնագետները՝ ռեժիսորը, պրոդյուսերները, սցենարի հեղինակները, խմբագիրները և այլն), որպես իրենց ներկայացնելու իրավունք ունեցող երկիր, նշել են ոչ Հայաստանը: Ֆիլմի նկարահանումների մեծ ծավալը նույնպես իրականացվել է ոչ Հայաստանում:

Կինոակադեմիան դա բավարար պայման է համարել այլևս չքննարկել ֆիլմի հետագա ընթացքը «Օսկարի» ճանապարհին և առաջարկել է Հայաստանի Հանրապետությանը մեկ այլ ֆիլմ ներկայացնել՝ շրջանցելով հայտերի ընդունման վերջնաժամկետը:

Որակազրկման փաստը «Մարս մեդիա» ընկերությանը խիստ բարկացրել է:  Ընկերության հիմնադիր և «Երկրաշարժ» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը դա անվանել է «անհեթեթ իրավիճակ», քանի որ ըստ նրա՝ ստեղծագործական խմբում ոչ թե ռուսներ են, այլ ազգությամբ հայեր, որոնցից ոմանք նույնիսկ երկքաղաքացիություն ունեն:

Ռուսաստանում դա քաղաքական որոշում են համարում (բնականաբար ուղղված Ռուսաստանի դեմ), բայց փաստը մնում է փաստ. «Օսկարի» կոմիտեն հաշվի է առել միայն փաստաթղթային տվյալները, համաձայն որոնց՝ ֆիլմը ստեղծել են Ռուսաստանի քաղաքացիները: Եվ եզրակացրել է, որ այն իրավասու չէ ներկայացվել Հայաստանի անունից:

Ընդհանրապես «օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգը տարբերվում է «Օսկարի» մյուս անվանակարգերից, որոնք խիստ հեղինակային են: Թեև մրցանակը ստանում է ֆիլմի ռեժիսորը կամ պրոդյուսերը, իրականում այն տրվում է ֆիլմարտադրող երկրին:

Կա կանոնակարգ և կան հստակ պահանջներ, որոնք իհարկե, կարող են ճկունության տարբեր աստիճանի գործածվել: Հիմա գործածվեցին խստորեն դեռ հայտերի ընդունման փուլում:

Նախկինում Հայաստանը մի քանի անգամ հայտեր ուղարկել է «Օսկար»՝ «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում տեղ գտնելու նպատակով: Այդ ֆիլմերն էին «Լռության սիմֆոնիան» (2002 թ.), «Վոդկա-լիմոն» (2004 թ.) «Հրաշագործի աշունը» (2010 թ.), «Եթե բոլորը» (2013 թ.):

«Օսկարի» բազմափուլանոց ու ֆիլմաշատ ընտրական ցանցով հայկական ֆիլմերը չեն անցել: Երկար ցուցակում (long list-ում) տեղ է գրավել միայն «Եթե բոլորը» ֆիլմը, բայց բուն հավակնորդների ցանկում (short list-ում) հայկական ֆիլմերը չեն ընդգրկվել:

Բոլոր դեպքերում՝ հայտ ուղարկելը, հավակնելն ու հաղթանակի հույս փայփայելը շատ դրական ու առողջ մղում է: Մանավանդ, որ «Օսկար» բառն ինքնին մոգական ձգողություն ունի: Դա մի բրենդ է, որը դրվելով ֆիլմի կողքին (նույնիսկ այսպիսի ձևակերպմամբ. «հավակնում է «Օսկարին»), արդեն իսկ հանրաճանաչության հնարավորություն է տալիս: Նաև հույս, որ ֆիլմն ավելի մեծ դրամարկղային հաջողություն կունենա և «ներկայացված է «Օսկարին» հավելվածի հետ ավելի թանկ կվաճառվի:

Եվ հիմա ստացվեց այնպես, որ Հայաստանն առաջին անգամ բաց քվեարկությամբ ու սեփական Կինոակադեմիայի անդամների մասնակցությամբ «Օսկար» ուղարկելու ֆիլմ է ընտրել, բայց այդ ֆիլմը որակազրկվել է, որովհետև Հայաստանի անունից այն չէր կարող ներկայացվել:

Այդ փաստը չարագուշակ երանգներով է պարուրում «Երկրաշարժի» մոտալուտ երևանյան պրեմիերան: Մինչ այդ ֆիլմը միայն փակ դիտման է արժանացել և միայն Գյումրի քաղաքում: Կարելի է ենթադրել, որ ֆիլմի չարչարանքները դեռ նոր են սկսվում: Այսինքն, այն պահից, երբ հայ հանդիսատեսը կդիտի այն…

«Երկրաշարժ». աղետի և ֆեյքի միաձուլում

«Երկրաշարժ»-ն իր ժանրով ֆիլմ-աղետ է: Գրեթե ողջ էկրանային ժամանակը տրամադրված է փլվող քաղաքին, փլատակներին ու փլատակների կողքը (մեջը, վրան) հայտնված մարդկանց:

Ֆիլմի թեման շատ հստակ է. Գյումրիի (Լենինականի) 1988թ. ավերիչ երկրաշարժն ու դրան հաջորդած առաջին չորս օրերը: Այդպես էլ գրվում է՝ օր առաջին, երկրորդ, երրորդ… Եվ քանի որ«Երկրաշարժը» ոչ թե ենթադրյալ վայրում տեղի ունեցած վերացական աղետի, այլ իրական քաղաքի, իրական մահի ու իրական մարդկանց մասին է, այն ստիպված ձեռք է բերում վավերագրական նշանակություն:

Անդրադարձը՝ hetq.am

Հեղինակ՝ Նունե Հախվերդյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed