Երաժշտական ճաշակի և ազգային անվտանգության միջև ուղիղ կապ գոյություն ունի. Սասուն Պասկևիչյան

 

Հայ կոմպոզիտոր Սասուն Պասկևիչյանը  ներկայացնելով իր ստեղծագործական ուղին՝ անկեղծացավ. «Իմ երգը հենց ես եմ, իմ կյանքը՝ որով և որտեղ ապրում եմ»: «Ստեղծագործողի համար իր ստեղծագործությունն իր երեխան է, և այդ երեխան, իմ համոզմամբ, նախևառաջ, պետք է բարոյական լինի, իսկ բարոյականությունը կյանքի հիմնասյուներից մեկն է: Իմ ստեղծագործության մեջ ես փորձել եմ չշեղվել բարոյականության նորմերից»,- նշեց նա: Կոմպոզիտորը վստահ է՝ երաժշտական ճաշակի և ազգային անվտանգության միջև ուղիղ կապ գոյություն ունի և ազգային մշակույթը, մասնավորապես՝ երգը, պետք է ծառայի ազգին, ինչին և փորձել է հավատարիմ մնալ:
-Պարո՛ն Պասկևիչյան, եթե ամփոփենք Ձեր ստեղծագործական աշխատանքը, ո՞րն է այն հիմնական ուղերձը, որ փորձել եք հաղորդել Ձեր երգերի միջոցով։
-Շուրջ 5 տասնամյակ է ստեղծագործում եմ` չափածո, արձակ, նաև հորինում եմ երգեր: Թերևս անհամեստություն համարվի, բայց իմ երգը ես ինքս եմ` իմ էությունն է, ներաշխարհը, հայրենիքը, հայրական օջախը, դաստիարակությունը, կրթությունը, իմ ընտանիքը, շրջապատը, միջավայրը, միով բանիվ` իմ երգն իմ կյանքն է ` որով և որտեղ ապրում եմ: Ստեղծագործողի համար իր ստեղծագործությունն իր երեխան է և այդ երեխան, իմ համոզմամբ, նախևառաջ պետք է բարոյական լինի, իսկ բարոյականությունը կյանքի հիմնասյուներից մեկն է: Իմ ստեղծագործության մեջ ես փորձել եմ չշեղվել մարդկային բարոյականության նորմերից: Անհրաժեշտաբար պետք է մեջբերեմ Նժդեհի մեկ խոսքը` «Հայրենասիրությունը մարդկային առաքինությունների թագն ու պսակն է: Մարդկային բարոյական հատկություններն իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը և անսպառ աղբյուրը նրանց ուժի ու մեծության»: Ինքս բազմիցս եմ ասել, որ երաժշտական ճաշակի և ազգային անվտանգության միջև ուղիղ կապ գոյություն ունի: Այսպիսով, ազգային մշակույթը, ի մասնավորի երգը, ինքնին պետք է ծառայի ազգին: Իմ երգերով ես փորձել եմ հավատարիմ մնալ ազգային մշակույթին: Եվ ես շատ երջանիկ կլինեմ, եթե իմ երգերից թեկուզ մեկը դառնա կամ համարվի համամարդկային արժեք:
– Ինչպե՞ս է ընթացել Ձեր ստեղծագործական ուղին: Տարբերություն տեսնո՞ւմ եք Ձեր նոր ստեղծագործությունների և հների միջև՝ հաշվի առնելով ժամանակի ազդեցությունը։

-Իմ ստեղծագործական կյանքը 3 փուլ ունի: Սկսել եմ երգեր հորինել հիմնականում 60-ականների վերջերից, և ինքս էլ կատարում էի ընկերներիս համար: 1970-ին ստեղծվեց «Դու հեռացար, քեզ մոռանալ չի լինի» երգը, որը, ի զարմանս ինձ, անմիջապես տարածվեց, ընդունվեց ու սիրվեց հանրության կողմից՝ և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում, իսկ երբ 1974-ին այն հնչեց Հայաստանի ռադիոյով ու հեռուստատեսությամբ՝ անզուգական երգչուհի Բելլա Դարբինյանի մեկնաբանմամբ, ես հասկացա, որ երգերս իրենցից ինչ-որ արժեք են ներկայացնում: Իմ երգերն սկսեցին երգել ժամանակի հանրահայտ այլ երգիչներ` Ռաիսա Մկրտչյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Լոլա Խոմյանցը, Արտաշես Ավետյանը, Գեորգի Մինասյանը և ուրիշներ: Մինչև 1980-ի մայիս ամիսը Հայաստանի ռադիոյի ձայնադարանում իմ երգերից ավելի քան 40 երգ կար, որոնք արգելվեցին ու անհետացան, երբ ես ընտանիքով մշտական բնակության մեկնեցի Լոս Անջելես, ուր ապրեցի 24 տարի (1980-2004թթ.): Այնտեղ հիմնականում զբաղվում էի լրագրությամբ, իսկ 1989-ին կնոջս` Գայանե Դավթյանի հետ միասին հիմնադրեցի ու մինչև հայրենիք վերադառնալս՝ ղեկավարեցի տեղի TeleARMENIA հեռուստաժամն ու «Հայաստան» մշակութային կենտրոնը, որոնք բացառապես զբաղվում էին ազգապահպան և ազգանպաստ գործունեությամբ: Այդ տարիներին ընդամենը 2-3 երգ եմ ստեղծել. այդպիսին է եղել 2-րդ փուլը:

Հայրենիք վերադառնալուց հետո սկսվեց ստեղծագործական նոր վերելք, և անցած 10 տարվա ընթացքում ստեղծվեցին ավելի քան 3 տասնյակ երգեր: Պետք է խոստովանեմ, որ հայրենիքում ծնված ու տևական ժամանակ ապրած ստեղծագործողի համար չափազանց կարևոր է հայրենի հողուջրի զգացողությունը (այլ գործոններ էլ կան):
Գալով իմ հին ու նոր ստեղծագործությունների վրա ժամանակի ազդեցությանը, ապա, ըստ իս, լավագույն պատասխանը Չարենցի հանրահայտ խոսքն է` «Թե ուզում ես երգդ լսեն` ժամանակիդ շունչը դարձիր»: Իմ ստեղծագործական կյանքի ու երաժշտական մտածողության վրա գրեթե հեղափոխական ազդեցություն է գործել Պարույր Սևակի գրական ժառանգությունը և իմ կողմից դրա ուսումնասիրումը: Մինչև 1973-74 թվականները երգեր էի հորինում իմ իսկ տեքստերով: Հետո երգեր ստեղծվեցին Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա: Ապա համարձակվեցի երգերի վերածել Չարենցի տաղերից մի քանիսը (առայժմ 10 տաղ, առաջինը «Մինչև էգուց»-ն էր, որին հաջորդեցին մյուսները, նաև 2 հրաշալի բանաստեղծություն): Ապա հանդգնեցի երգերի վերածել Պ. Սևակի այնպիսի բանաստեղծություններ, որոնք շատ մասնագետների կարծիքով համարվում են ոչ երգային բանաստեղծություններ: Անկեղծ ասած, հենց դա էլ ինձ հրապուրում ու մղում է` անել այն, ինչ ուրիշներն ասում են, որ հնարավոր չէ: Մինչդեռ ես խորապես համոզված եմ, որ իսկական, ասելիք ունեցող բանաստեղծության մեջ երաժշտություն կա և երգահանի «գործը» այդ երաժշտությունը բացահայտելն ու «դուրս բերելն» է: Առայժմ Սևակից 7 բանաստեղծություն եմ երգի վերածել, որոնցից առաջինը՝ «Դու»-ն , ձայնագրվել է հրաշալի երգչուհի Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ 1978թ-ին: Ինձ համար մեծ պատիվ եմ համարում անկրկնելի Համո Սահյանի մի շարք բանաստեղծություններ երգի վերածելը՝ առայժմ 7-ը, որոնցից «Մայրս» և «Արագիլները» երգերն անմիջապես ընդունվեցին ու սիրվեցին հանրության կողմից, իսկ «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի կողմից պարգևատրվեցի «Համո Սահյան» ոսկե հուշամեդալով:
Երգերի են վերածվել նաև այլ բանաստեղծների գործեր: Ինձ համար շատ կարևոր ու նպատակային էր Վ. Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին» բանաստեղծությունը երգի վերածելը, որը ես վերնագրեցի Տերյանի նույն այդ բանաստեղծության «Արիացի՛ր, սիրտ իմ» նախադասությամբ: Մեր ժամանակների բացառիկ երգչուհի Լեյլա Սարիբեկյանի մեկնաբանումը երգին հաղորդեց նոր, յուրահատուկ որակ, գույն ու երանգ։ Ինչևիցե, փորձում ու ձգտում եմ դառնալ «ժամանակի շունչը», եթե իհարկե, դա ինձ հաջողվի:
– Պարո՛ն Պասկևիչյան, այսօր շատ են խոսում, որ շատ ենք հեռացել հայ երգարվեստի արմատներից։ Ըստ Ձեզ, իսկապե՞ս հայ երգի նկատմամբ հետաքրքրության պակաս կա՞, և ի՞նչն է պակասում կրկին վերադառնալու դեպի ազգայինը, ժողովրդականը, հայկականը։
-Եթե, ինչպես Դուք եք ասում` «Այսօր շատ են խոսում, որ շատ ենք հեռացել հայ երգարվեստի արմատներից»՝ ուրեմն իրոք այդպիսի բան կա, որ խոսում են: Ինչպես ասում են` «Անկրակ ծուխ չի լինում»: Բայց նախ պետք է կատարել «ախտորոշում», թե ինչո՞ւ է այդպես ստացվել, արդյոք դա միտումնավո՞ր է արվել, որը չի բացառվում, թե՞ ինչ-ինչ պատճառներ ու հանգամանքներ կան: Առայժմ չքննարկենք միտումնավորության «կանխավարկածը» որն, ըստ իս, լուրջ ուսումնասիրության կարիք ունի տարբեր մասնագետների կողմից, հատկապես` հոգեբանների: Ես երբեք չէի ասի, որ հայ երգի հանդեպ հետաքրքրության պակաս կա: Կփորձեմ շատ պարզ բացատրել՝ երգահանի կողմից երգը ստեղծվելուց հետո այդ երգը բավական ճանապարհ ունի անցնելու` գործիքավորում, նվագախմբային փորձեր, ձայնագրություն (միտումնավոր չեմ անդրադառնում տեսահոլովակների պատրաստմանը), այնուհետև, այսպես կոչված, «ռասկրուտկա»՝ պրոպագանդա հեռուստատեսությամբ, ռադիոյով և այլն: Դուք արդյոք տեղյա՞կ եք, թե մեկ երգ կյանքի կոչելու համար ներկայումս ինչպիսի գումարներ են անհրաժեշտ (դրանք սկսվում են մի քանի հազար դոլարից մինչև մի քանի տասնյակ հազար դոլար): Ո՞վ է վճարելու, երգահա՞նը, որը երբեմն ապրուստի միջոց չունի, թե՞ նա պետք է մուրացկանի պես, կորցնելով ամենաթանկը` արժանապատվությունը, դիմի, խնդրի այս կամ այն հովանավորին: Առայժմ կարիք չկա ընդարձակվելու: Որպես «գաղտնիք» ասեմ, որ ուզում եմ երգի վերածել Պարույր Սևակի «Անտարբերություն» բանաստեղծությունը, որտեղ կգտնեք շատ հարցերի պատասխաններ:

 

Հարցազրույցը՝ tert.am 01.10.14թ. հրապարակումից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed