Ես պայքարող ոգի Նժդեհ էի ներկայացրել. մրցույթին մասնակցած Լևոն Թոքմաջյանը՝ տեղադրված արձանի մասին

Երևանի Վերնիսաժին հարող զբոսայգում այսօր տեղադրված Գարեգին Նժդեհի (քանդակագործ` Գագիկ Ստեփանյան, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան) արձանը ևս չշրջանցեց վերջին շրջանում հայաստանյան հանրության շրջանում տարածված «արձանային» քննարկումները, ինչի կապակցությամբ Tert.am-ը զրուցել է ականավոր քանդակագործ Լևոն Թոքմաջյանի և մի շարք արվեստագետների ու Գարեգին Նժդեհի կերպարը համանուն ֆիլմում մարմնավորած Արտաշես Ալեքսանյանի հետ:

Լևոն Թոքմաջյանը, ով տարիներ առաջ ևս մասնակցել է Նժդեհի արձանը կերտելու մրցույթին, ակնհայտորեն, բավարարված չէր դրանից, ինչի մասին բաց տեքստով չասաց, բայց հայտնեց հետևյալը. «Պայքարող ոգի… ժայռերի միջից, լրիվ ուրիշ կոմպոզիցիա` իր պլաստիկայով… Դիկտատոր չէր ինքը, ժողովրդի մարդ էր»:

Իհարկե, քանդակագործ Լևոն Թոքմաջանի պնդումները վերջնական չեն, որովհետև ասաց, որ աշխատանքը տեսել է գիպսի վրա, ոչ արդեն տեղադրված վիճակում ու հարցրեց՝ գուցե միջավայրի մեջ «լրիվ ուրիշ տեսա՞կ է երևում»:

Քանդակագործը հավելեց, որ պատահական չէր, որ Գարեգին Նժդեհին հագցրել էին Սպարապետ Դավիթ Բեկի գլխարկն ու գոտին:

Նշենք, որ Նժդեհի արձանը ակտիվ քննարկվում է նաև «Ֆեյսբուք» սոցցանցում։ Հիմնական մասն այն կարծիքին է, որ կերպարը հաջողված չէ, կային գրառումներ այն մասին, որ Գարեգին Նժդեհը շատ նման է Պետրոս Առաջինին, մեկ օգտատեր արձանի վրա նկատել էր Լոմոնոսովի սանրվածք: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ գրառել է, որ արձանը Նժդեհի կերպարը չէ, «ու մինչև չմոտենաս՝ չկարդաս, թե ով է, չես հասկանա»։

Գարեգին Նժդեհի կերպարը մարմնավորած դերասան Արտաշես Ալեքսանյանը, նույն նկատառումներով ձեռնպահ մնաց արձանի մասին իր կարծիքը հայտնելուց: Նա գերադասում է այսօր երեկոյան անձամբ գնալ Վերնիսաժի այգի ու արձանը տեսնել, ոչ թե գնահատականներ տալ՝ ըստ լուսանկարով տեսածի:

Իսկ օրինակ` Մերուժան Տեր-Գուլանյանը, ով նույնպես դեմ էր լուսանկարներով արձանին գնահատականներ տալուն, հատուկ Tert.am-ի համար գնացել էր արձանը տեսնելու, բայց այդ ժամանակ արձանի վրա նորից սավան էր գցված եղել:

«Լուսանկարներով դատել չեմ կարող, իսկ սավանը շատ սիրուն էր»,-ասաց մտավորականը:

Երևանի պատվավոր քաղաքացի, դերասան Հրանտ Թոխատյանը, ով Tert.am-ի հետ զրույցի պահին Կալինինգրադում նկարահանումների էր, նույնպես կարծիք չկարողացավ հայտնել, միայն հարցրեց թե որտեղ է տեղադրված արձանը և իմանալով, որ Վերնիսաժի մոտ՝ ասաց. «Իսկ ինչու ոչ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում: Ես շատ եմ այս հարցով մարդկանց հարցուփորձ արել, և բոլորը վստահ են, որ Սուրեն Սպանդարյանը Գարեգին Նժդեհն է, բացի, թերևս իմ սերնդակիցներից»:

Նշենք, որ Yerkir.am-ը զրույցել է արձանի քանդակագործի` Գագիկ Ստեփանյանի հետ, ով մանրամասնել է, որ արձանի վրայի մատի շարժումը ցույց է տալիս պատվանդանին գրված իր միտքը: Գարեգին Նժդեհի այն միտքը, որ «իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և հայրենիք», քանդակագործը փորձել է արտահայտել՝ նրան կանգնեցնելով զույգ հենարանների վրա:

Նման չլինելու հետ կապված էլ քանդակագործն ասել էր՝ հազար մարդ, հազար կարծիք ու ավելացրել մոտեցած անցորդի տեսակետը՝ «բա ձին ո՞ւր է»:

Նաև ճարտարապետը խորհուրդ է տալիս առավոտյան նայել արձանին, երբ արևի լույսն ընկնում է վրան։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ես պայքարող ոգի Նժդեհ էի ներկայացրել. մրցույթին մասնակցած Լևոն Թոքմաջյանը՝ տեղադրված արձանի մասին”

Leave a Reply

Your email address will not be published.