Ես կյանքի կոչեցի իմ երազանքը.Սարիկ Անդրեասյան

Tert.am-ի հետ զրույցում  ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն խոսելով իր նկարահանած ֆիլմի մասին ասաց, որ իր ֆիլմը  1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի մասին էր ու ներկայացվել էր «Օսկար» մրցանակաբաշխությանը, սակայն մերժվել: Կինոռեժիսորն ասաց, որ ինքը դեռևս մանկության տարիներից հիշում է, թե ինչպես էին մարդիկ ամեն տարի դեկտեմբերի 7-ին հիշողությունների գիրկն ընկնում: Սարիկ Անդրեասյանը պատմեց, որ բավական երկար են աշխատել ֆիլմի վրա, զրուցել են փրկվածների հետ, ականատեսների, անգամ բժիշկների ու փրկարարների, այցելել են Գյումրի՝ ուսումնասիրելու տեղանքը, որպեսզի ժապավենը լինի ազդեցիկ ու արժանահավատ: 

– «Երկրաշարժ» անվամբ Ձեր ֆիլմը, որը ներկայացվել էր «Օսկար» մրցանակաբաշխության, չընդգրկվեց որևէ անվանակարգում: Ո՞րն է Ձեր կարծիքով պատճառը:

– «Օսկարի» հանձնաժողովի կողմից մենք ստացանք պաշտոնական նամակ, որտեղ գրված է, որ ֆիլմի վրա աշխատող թիմի անվանացանկում շատ են ռուսական ազգանունները, իսկ «Օսկարի» կանոնակարգի համաձայն, կինոժապավենի նկատմամբ ստեղծագործական վերահսկողությունը պետք է արվի այն երկրի քաղաքացիների կողմից, որը ներկայացրել է ֆիլմը: Ֆիլմի վրա աշխատել են սցենարիստներ, պրոդյուսերներ, կոմպոզիտորներ Հայաստանից, դերասանների ճնշող մեծամասնությունն էլ հայ է: Այնպես որ մենք վիճարկել ենք որոշումը, սպասում ենք պատասխանի:

– Որքան դժվա՞ր էր աշխատել ֆիլմի վրա:

– Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը ողբերգություն էր, որը միավորեց ոչ միայն Խորհրդային միությանը, այլև ողջ աշխարհին: Ֆիլմում պատմվում է այս միավորման մասին, մարդկանց մասին, որոնք ԽՍՀՄ տարբեր երկրներից, այլ պետություններից մեկնեցին Գյումրի, որպեսզի օգնեն տեղաշարժել փլուզված բեկորները, դուրս բերեն ողջ մնացածներին, փրկեն մարդկանց կյանքեր:  Ֆիլմում պատմվում է մարդկանց մասին, որոնք հաց էին բերում, դեղորայք, ջուր, հագուստ: Ֆիլմը փաստավավերագրական հիմքով է նկարահանվել: Մենք մեկ տարուց ավել ուսումնասիրել ենք վիդեոարխիվը, լուսանկարները, գրքերը, որոնք առնչվում են երկրաշարժի հետ: Մեր նկարահանող խումբը մեկնել էր Գյումրի, ուսումնասիրել տեղանքը: Քաղաքում գրեթե ամեն ինչ վերակառուցված է, բայց յուրաքանչյուր բնակիչ հիշում է այն օրերի իրադարձությունները:

Սցենարը ներառել է բազմաթիվ պատմություններ, որոնք պատվում են աղետի ականատեսների կողմից: Մենք զրուցել ենք ԱԻՆ աշխատակիցների հետ, բժիշկների, որոնք այդ ժամանակ աշխատել են, մարդկանց հետ, որոնք ղեկավարել են փլատակներից տարածքն ազատելու աշխատանքները, զրուցել ենք նրանց հետ, ովքեր փրկվել են: Դժվար էր, ծանր էր, լսել նրանց պատմությունները. դրանք սարսափելի հիշողություններ են: Մարդիկ լալիս էին ու լինել սառնասիրտ, անտարբեր, չէր հաջողվում: Բայց առանց այս ամենի չէր լինի… Առանց այս փաստերի ֆիլմը արժանահավատ չէր լինի:

– Իսկ ինչպե՞ս ծագեց գաղափարը՝ նկարահանել ֆիլմ 1988 թ.-ի իրադարձությունների մասին:

– Դեռևս մանկության տարիներից հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ ամեն տարի դեկտեմբերի 7-ին հիշողությունների գիրկն ընկնում: Հիշելով ողբերգության մասին, մենք հարգում ենք մարդկանց, որոնց կյանքն ընդհատվեց այդ ողբերգության հետևանքով: Սա հարգանքի տուրք է:  Ես կիսվել եմ հարազատներիս հետ այն մտքով, որ անհրաժեշտ է նկարահանել ֆիլմ երկրաշարժի մասին, որի մասին տարեց տարի ավելի ու ավելի քիչ են խոսում: Շուրջ վեց տարի առաջ ես հանդիպեցի իմ ընկերների հետ՝ սցենարիստներ Արսեն Դանիելյանի և Հրանտ Բարսեղյանի: Արսենը խանդավառվեց այս գաղափարով ու գրեց սցենարի առաջին տարբերակը: Մենք այն ներկայացրինք «Մարս մեդիա» կինոընկերությանը՝ Ռուբեն Դիշդիշյանին: Ռուբենն առաջարկեց Սերգեյ Յուդակովին, Ալեքսեյ Գռավիցկիին վերանայել սցենարը: Այս գործընթացը մի քանի տարի տևեց: Ինչից հետո մեկ տարի էլ մենք պատրաստվում էինք նկարահանումներին:  Այդպես էլ ծնվեց մեր ֆիլմը:

– Շատ գրվեց այն մասին, որ կինոժապավենն անտարբեր չի թողնում հանդիսատեսին, որ այն հուզիչ է: Դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում: 

– Ես չէ, որ պետք է գնահատեմ ֆիլմը: Գնահատականը հնչեցնում է կինոդիտողը: Ես կյանքի եմ կոչել իմ երազանքը, նկարահանել եմ, իմ տպավորությամբ, ազնիվ ու հուզիչ ֆիլմ: Հուսով եմ, որ հանդիսատեսին այն դուր կգա:  Ողբերգությունը տեղի էր ունեցել 88 թ.-ին, այն ժամանակ մենք ընտանիքով ապրում էինք Երևանում և բարեբախտաբար մեզ մոտ ոչինչ չէր փլուզվել, միայն պատուհանների ապակիներն էին դուրս թռել: Բայց երեկոյան մենք իմացանք, որ հարևան քաղաքներն անցել են հողի տակ: Սա աննկարագրելի վիշտ էր: Հայոց ցեղասպանությունից հետո սա երկրորդ մեծ ողբերգությունն է, որը եղավ մեր ժողովրդի հետ:

– Հայկական սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում  ֆիլմը մեծ աղմուկ բարձրացրեց, քննարկվեց: Հնչեցին նաև քննադատություններ, մասնավորապես այն մասին, որ «չի կարելի հենց այնպես ֆիլմ նկարահանել երկրաշարժի մասին միայն նրա համար, որ ձեր ազգանունը վերջանում է յան-ով»: Կարծիքներ հնչեցին, որ Դուք մասնակից չեք եղել այս դեպքերին, չեք զրուցել մարդկանց հետ, որոնք անցել են այս ամենի միջով, ինչպե՞ս եք վերաբերում նման տեսակետներին: 

– Ես նկարել եմ գեղարվեստական ֆիլմ, ուստի աշխատում եմ փաստավավերագրողների հետ վիճաբանության մեջ չմտնել: Ինչպես ասացի նախորդ հարցերից մեկում, մենք երկար նախապատրաստվել ենք, շատ զրուցել ենք, շփվել նրանց հետ, ովքեր տեսել են այդ ամենը ու փրկվել են: Ես շատ կցանկանամ, որ մյուս կինոռեժիսորները շարունակեն նկարահանել ֆիլմեր այս թեմայով: Եվ թող նրանց ֆիլմերը լինեն ավելի դիպուկ ու լավը: Ես միայն ուրախ կլինեմ: Սա այն իրադարձությունն է, որի մասին պետք է խոսել, գրել, նկարահանել:

– Դուք ապրել եք Ղազախստանում: Ի՞նչ զգացողություններով էիք եկել հայրենիք: 

– Ղազախստան ես մեկնել եմ հենց երկրաշարժից հետո: Բայց դրանից հետո ամեն տարի մի քանի անգամ եկել եմ Հայաստան՝ տեսակցելու տատիկիս ու պապիկիս: Ես հայ եմ, Հայաստանն իմ հայրենիքն է: Ինչպիսի զգացողություններով եմ եկել Հայաստա՞ն: Իհարկե, այն զգացողություններով, որ վերադարձել եմ տուն:

– Լինելով` կոմեդիայի ժանրում ֆիլմերի հաջողված ռեժիսոր, Դուք վերջերս հայտարարել էիք, որ պետք է ավելի քիչ կոմեդիաներ նկարահանվեն: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Դուք այլևս չեք նկարահանելու կոմեդիաներ: 

– Չեմ ուզում գուշակություններով զբաղվել: Հնարավոր է, եթե գտնեմ թեմա, որն ինձ դուր կգա, կվերադառնամ այդ ժանրին: Բայց մոտ ապագայում կոմեդիաներ նկարահանելու ծրագրեր չունեմ: Հիմա աշխատում ենք 4 տարբեր ժանրերի ժապավենների վրա:

– Ինչպե՞ս եք գնահատում հայ կինեմատոգրաֆիայի ներկայիս վիճակը: 

– Այն անվերապահորեն վերելք է ապրում. ավելի շատ ֆիլմեր, ավել բազմազան թեմաներ: Եվ եթե որոշ ժապավեններ այնքան էլ հաջող չեն, ապա պետք չէ դրանք քննադատել, քանի որ հիմա հայ կինոյի համար կայացման շրջան է և առջևում երկար ճանապարհ կա: Բայց, ինչպես ասում են, ճանապարհը հաղթահարում է նա, ով անցնում է:

– Ձեր կարծիքով` կոնկրետ ի՞նչն է պակասում հայկական կինոյում: 

– Պակասում են լավ բյուջեներն ու միջազգային թեմաները: Բայց համոզված եմ, որ հայ կինեմատոգրաֆը անպայման գալու է դրան:

– Ունե՞ք հայաստանցի ռեժիսորների հետ համատեղ ֆիլմեր նկարելու, պրոյեկտներ իրականացնելու ցանկություն: 

– Եթե կլինեն հետաքրքիր նախագծեր, եթե առաջարկելու բան լինի, ապա մեծագույն հաճույքով կքննարկեմ դրանք: Անձամբ ես մեծ հաճույք կստանամ իմ հայազգի եղբայր-կինեմատոգրաֆիստների հետ աշխատելուց:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed