Եթե ես լինեի պապա. Հայկ Պետրոսյան

«Եթե ես լինեի պապա» ներկայացման թարմացված տարբերակը հանդիսատեսի դատին կհանձնվի հոկտեմբերի 11-ին՝ Երևանի պետական տիկնիկային թատրոնում: Այս և այլ թեմաների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է երիտասարդ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի հետ:

– … Բայց կրթությամբ քաղաքագետ եք…

– Երբ համալսարան ընդունվելու ժամանակը եկավ, որոշեցի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան ընդունվել,  քանի որ աղջիկներն այնտեղ շատ էին: Քեռիս ասաց. «Խելքի տոպրակ, նման կերպ որոշում չեն կայացնում»: Հետո Սլավոնական համալսարանում սովորելու ցանկություն հայտնեցի, քանի որ այն մեր տանը շատ մոտ էր, և կրկին դիմադրության հանդիպեցի: Վերջապես լրջացա:  Պատմություն շատ էի սիրում. Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ընտրեցի:

-Ինչպե՞ս մուտք գործեցիք երաժշտարվեստ:

-2009 թ. հոգեբանական ծանր իրավիճակում էի. սիրահարված էի: Ուշադրությունս շեղելու, ցրվելու նպատակով որոշեցի մասնակցել «Հայ սուպերսթար» նախագծին: Սկզբում սովորական էր ամեն ինչ, բայց ընթացքում հասկացա, որ շատ լավ եմ զգում բեմում: Բոլոր մասնակիցները յուրահատուկ էին ու ինքնատիպ: Օհանյան Րաֆֆին թավշյա ձայնով հիանալի կատարում  էր սիրային ռոմանսներ, Ռաիսան  սևամորթ երգչուհու պես պայթեցնում էր բեմը, դեռ այն ժամանակ պարզ էր, որ Իվետան մեծ բեմի արտիստուհի է, Առուստամյան Սուրենը բլյուզ, ռոք ժանրերում տապալում էր բոլորին, իսկ ես «ամենալավն» էի: Այս տարվա նախագծի մասնակիցներին ուզում եմ ասել, որ ժյուրիի անդամ Եգոր Գլումովը կարող է խիստ արտահայտվել, բայց նրանից նեղանալ պետք չէ:

-Ինչպե՞ս են ծնվում ձեր երգերը:

-Երեխան ինչպե՞ս է ծնվում. ինը ամիս սպասում եք, և նա լույս աշխարհ է գալիս: Հստակ բանաձևեր չկան: «Պոմիդորով ձվածեղ» երգը, որը նաև տեսահոլովակ ունի, շատ պատահաբար է ստեղծվել: Մտածում էի՝ ի՞նչն է ավելի սիրելի, քան կինը, որոշեցի, որ ձվածեղը: Երբեմն այս մրցավազքում տոլման է հաղթում: Հիմնականում սիրային երգեր եմ գրում. ներկայումս գերակշռում են կատակ երգերը: Շուտով տեսահոլովակ ենք նկարելու «սելֆի» երևույթի մասին: Բնականաբար, բացասական կողմերն ենք շեշտելու: Ըստ իս՝ սելֆիամոլությունը բացառիկ հիմարություն է:  

-Հաճա՞խ են ձեզ քննադատում:

-Չափազանց չոր քննադատության չեմ արժանացել, բայց  հարազատներս անպայման իրենց կարծիքն ասում են: Չեմ սիրում քննադատություն. կարծում եմ՝ ոչ ոք չի սիրում, պարզապես քաղաքավարությունից ելնելով ասում են. «Չեմ նեղվում առողջ քննադատությունից»: Սակայն առանց քննադատության մարդը կարող է դոփել նույն տեղում: Աշխարհահռչակ Լեոնարդո դա Վինչիին կամ Միքելանջելոյին քննադատելը հանցանք է, բայց մեզ պես հասարակ մահկանացուներին այն պետք է:

-Սովորել եք նաև Փարիզում և…

-16 տարեկան էի, որ գնացի Ֆրանսիա: Փարիզը սիրո քաղաք է, իսկ Երևանը՝ ընկերության: Հետաքրքիր արկածներ եմ ունեցել Փարիզում: Արաբների հետ վիճելու պատճառով ընկերներով երկու անգամ քաղմասում ենք հայտնվել: Քաղմասում մտերմացանք երկու հսկիչի հետ: Պատմում էի հայերի մասին ու աթոռի վրա դհոլ նվագում: Նրանց «Հայ եմ ես, հայ ես դու» երգն էի սովորեցրել: Ուրախ անցավ: Որ ծխախոտի գումար չէի ունենում, փողոցում կիթառ էի նվագում ու երգում: Հենց ինձ անհրաժեշտ գումարը հավաքվում էր, գնում էի՝ հիասթափված թողնելով հավաքվածներին: Մի անգամ էլ երգելով՝ օգնեցի մի մուրացկանի: Տասը րոպեում 75 եվրո հավաքվեց, որից 20-ը վերցրեցի: Ուզում էի 50-ը վերցնել, բայց մեծահոգի գտնվեցի:

-Սիրո՞ւմ եք Շառլ Ազնավուրին…

-Ներկա եմ եղել մեծանուն շանսոնյեի 80, 85 և 90-ամյակներին նվիրված համերգներին: «Լա բոհեմ» երգը պատմում է նկարչի մասին, և ամեն անգամ այն կատարելիս Ազնավուրը ձեռքում, ասես, վրձին է պահում ու նկարիչների պես պարբերաբար թաշկինակով մաքրում այն: Երգի ավարտին նետում է թաշկինակը, իսկ երկրպագուները թռցնում են այն որպես հուշ: 80 և 90-ամյակների համերգներին 4000 հոգու պարտության եմ մատնել՝ հաղթելով թաշկինակ փախցնելու այդ թեժ պայքարում… Ազնավուրը մեծություն է, իմաստուն մարդ:

-Վերջերս մեծ էկրան բարձրացավ արցախյան պատերազմի մասին պատմող «Կյանք և կռիվ» գեղարվեստական ֆիլմը, որտեղ դուք նկարահանվել եք…

-Մինչ այդ ֆիլմը Մհեր Մկրտչյանի նախորդ՝ «Հաջողակը» կինոնկարում եմ նկարահանվել, որը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ: Պրոֆեսիոնալ դերասան չեմ, բայց Մհերը կարողանում է այնպիսի մթնոլորտ, իրավիճակ ստեղծել, որն օգնում է խաղալ և հավատալ ուժերին: Ֆիլմը հաջողված է, թեման՝ արդիական և հուզիչ: Կան մարդիկ, որոնց մասին անպայման պետք է իմանալ: Նրանք ներկայացված են  ֆիլմում: Նրանց շնորհիվ է, որ մենք մանկություն ենք ունեցել ու կանք: Ցույց է տրվել ձեռք բերված անկախության գինը: Զորավար Անդրանիկն է ասում, որ գիշերը՝ քնելուց առաջ, պետք է գոնե մի փոքր մտած ել ազգի, երկրի, հայրենիքի մասին: Մարմնավորածս կերպարը երևանցի տղա է, որը և՛ լավն է, և՛ վատը: Նա ամբողջությամբ կբացահայտվի ֆիլմի երկրորդ մասում, որը պատմում է մեր օրերի մասին:

-Հոկտեմբերի 11-ին հանդիսատեսին մատուցելու եք «Եթե ես լինեի պապա» ներկայացման փոփոխված տարբերակը…

-Կան հատվածներ, որոնք հանել եմ՝ փոխարինելով նոր նյութով. փոփոխվել է ներկայացման սկիզբն ու վերջը: Չնայած իմ հիմնական հանդիսատեսը երիտասարդությունն է, փորձում եմ բոլորին հուզող հարցեր բարձրացնել: «Եթե ես լինեի պապա» ներկայացման մեջ անդրադառնում եմ ընտանիքում կին, ամուսին, երեխա հարաբերություններին, բնականաբար, դա շատերին է հետաքրքրում:

-Ի՞նչ նորություններ սպասենք Հայկ Պետրոսյանից:

-Երկու նոր ներկայացման ծրագիր ունեմ՝ լուրջ և անլուրջ: Մեկն արդեն գրել եմ: Վերնագիրն է՝ «Բարևն Աստծունն է, Արցախը՝ մերը», բայց դա հաջորդ տարի կբեմադրեմ: Առջևում Նոր տարվա շոուներն են: Պատրաստվում ենք նոր տեսահոլովակ և նոր երգ ձայնագրել: Եթե ծրագրերս չխաթարվեն, անպայման կտեղափոխվեմ Փարիզ, որտեղ հեռանկարները մեծ են: Վերջապես մի հայ պե՞տք է փոխարինի Շառլ Ազնավուրին…

 

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed