Գորգը սերտաճած է մեր ինքնությանը. Արև Սամուելյան

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ.-ին ՀՀ կառավարության գործունեության մշակութային քաղաքականության գերակա ուղղություն է ընդունվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը: Ողջ տարվա ընթացքում իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ հայկական գորգագործական մշակույթի վերաբերյալ առավելագույն տեղեկատվության տարածման, պատմության, ավանդույթների և առկա վիճակի ներկայացման, ինչպես նաև մշակույթի այս տեսակի կենսունակության ակտիվացման ուղղությամբ:

Այս միջոցառումների տրամաբանական շարունակությունն էր նաև ՀՀ մշակույթի նախարարության 2013 թ.-ի նոյեմբերի 20-22-ը Երևանում անցկացվող հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահարցերին նվիրված «Հայկական հանգույց. գորգագործության ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը հնարավություն է տալիս մեկ դաշտում հավաքել բնագավառի շահագրգիռ կողմերին և գտնել հետագա արդյունավետ համագործակցության համար ուղենիշներ, ինչպես նաև հասարակությանը ևս մեկ անգամ ներկայացնել գորգի մշակույթն ու բարձրացնել դրա նկատմամբ ճանաչողությունը:

Նոյեմբերի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների» սրահում մեկնարկած այս գիտաժողովն ըստ էության իր շուրջն է միավորել շուրջ 20 երկրներից ժամանած գորգագործության ոլորտի ներկայացուցիչներին: Այստեղ են հեղինակավոր մասնագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ավստրիայից, Լիբանանից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Գիտաժողովում ներգրավված են նաև գորգագործության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություններ:

Նոյեմբերի 20-ին՝ «Հայկական հանգույց. Գորգարվեստի ավանդույթները» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացման արարողությանը ներկաներին ՀՀ մշակույթի նախարարի ողջույնի խոսքը փոխանցեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

«Գորգը սերտաճած է մեր ինքնությանը, և հայկական գորգագործական մշակույթն իր բացառիկ տեղն է զբաղեցրել մեր մշակույթւոմ: Մենք գորգի հայկականությունը ապացուցելու խնդիր չենք ունեցել, իսկ այժմ ժամանակները փոխվել են և այդ բացը լրացնելու և շտկելու համար է ՀՀ մշակույթի նախարարությունը 2013 թվականին մշակութային իր քաղաքականության ուղղություններից մեկը գորգագործության հանրահռչակումը ճանաչել»,-իր խոսքում նշեց փոխնախարարը:

Մայր Աթոռ սուրբ Էջմիածին Արխիվի և ձեռագրերի պահոցի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանն էլ իր հերթին փոխանցեց ներկաներին Ամենայն Հայող կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական օրհնությունը և նշեց, որ Վեհափառը ողջունում է բոլորին, ովքեր մասնակցություն են բերել այս գիտաժողովին, այդ թվում և ՀՀ կառավարությանը, ՀՀ մշակույթի նախարարությանը:

Վերջինս փաստեց, որ այսօր մենք խնդիր ունենք վերահաստատելու մեր հեղինակային իրավունքը գորգագործության ոլորտում: «Գորգը հայոց ազգային հավատքի և հայկական աշխարհի մանրակերտ է, և հին աշխարհի պատմական հիմնավոր տվյալները վկայում են Հայաստանի՝ իբրև սուրբ ծեսերի երկիր լինելու մասին»,-մեկնաբանեց  տեր Ասողիկ քահանան:

Հիշեցնենք, որ գիտաժողովի շրջանակներում քննարկվում են «Հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները: Հայոց գորգարվեստի տեղը առաջավորասիական գորգագործական մշա­կույ­թի համակարգում», «Հայկական գորգերի գեղազարդման համակարգի ու դրա առանձնահատկությունների մասին»: Հայկական գորգերն արտերկրի թանգարաններում: Հայկական գոր­գերի մասնավոր հավաքածուների մասին, «Հայկական գորգի, ասեղնագործության ու ժանյակի,  մանրանկարչության, կիրառա­կան ու մոնումենտալ արվեստի առարկաների գեղազարդման սկզբունքների փոխ­կապակցվածության մասին», «Ավանդական և ժամանակակից գորգը», «Գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին», «Գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման և ուսումնասիրման հիմնախնդիրները»:

 

անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի

լուսանկարները՝ Արամ Կիրակոսյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Գորգը սերտաճած է մեր ինքնությանը. Արև Սամուելյան”

Leave a Reply

Your email address will not be published.