Գիրք` նվիրված թավշյա հեղափոխությանը

Հայաստանյան վերջին օրերի իրադարձությունները՝ մեկ գրքում. հունիսին լույս կտեսնի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը: Նորաստեղծ գրքի հեղինակն է քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը։ Գիրքը լույս է ընծայվում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ: Այն ոչ միայն հեղափոխական ընթացքի յուրատեսակ քրոնիկոնն է, այլև վերջին տարիների կարևորագույն քաղաքական իրադարձության ամբողջական, հավասարակշիռ վերլուծություն: Գրքում ներկայացված են նաև «Հայկական թավշյա հեղափոխությանն» առնչվող միջազգային փորձագետների գնահատականները:

Գրքի հեղինակ Ստեփան Գրիգորյանը միջազգայնորեն ճանաչված քաղաքագետ և փորձագետ է: Նա եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: Այժմ Ստեփան Գրիգորյանը 2012-ին հիմնադրված Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահն է: Ստեփան Գրիգորյանը ոչ թե պարզապես հետևել է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այլև դրանց անմիջական մասնակիցն է եղել: Ի դեպ, հեղափոխության օրերին գրքի հեղինակը նաև ձերբակալվել է: Այս օրերին Գրիգորյանը պարբերաբար հարցազրույցներ է տվել ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան լրատվամիջոցներին՝ վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Տեղեկացնենք, որ «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը ներառելու է նաև երկրում տեղի ունեցող իրադարձությունների կադրեր: Գիրքն ընթերցողի սեղանին կդրվի այս տարվա հունիսին: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ գիրքը միաժամանակ լույս է տեսնելու հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ լայն շրջանակներին մեր պատմության կարևորագույն էջերը ներկայացնելու նպատակով:

 

Աղբյուրը`  menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed