Բուխարեստում կկայանա «Ստրադա Արմենեասկը» (հայկական փողոց) փառատոնը

Ռումինահայոց միությունը Բուխարեստի քաղաքապետարանի և Բուխարեստի մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ 2014թ. օգոստոսի 1-3-ը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է «Ստրադա Արմենեասկը» (Հայկական փողոց) փառատոնը, որը տեղի կունենա Հայկական թաղամասում (Հայկական եկեղեցու բակ, Ռումինահայոց միության գրասենյակ, Հայ մշակույթի կենտրոն և Հայկական փողոց):

«Ստրադա Արմենեասկը» փառատոնը մի նախագիծ է, որի միջոցով փորձում ենք ինտերակտիվ կերպով ներկայացնել հայ մշակույթը՝ այն հասցեագրելով բոլոր բուխարեստցիներին, որոնք ցանկանում են Հայկական փողոցը տեսնել կյանքով լի:

Փառատոնի շրջանակներում կներկայացվեն ժամանակակից և ավանդական երաժշտություն, ժողովրդական պարեր, գեղագրություն, լուսանկարների ցուցահանդես և այլն: Այցելուները Հայկական փողոցի սրճարաններում հնարավորություն կունենան համտեսել հայկական տարբեր ուտելիքներ, սրճի տեսակներ և արևելյան քաղցրեղեն, ինչպես նաև փողոցում կազմակերպված տոնավաճառի շրջանակներում իրենց համար կբացահայտեն Հայաստանի հետ կապված շատ բաներ. ցանկացողները կարող են գտնել հայկական թեմատիկայով տարբեր զարդեր, խեցեգործական և կավե իրեր, ձեռագործ աշխատանքներ,  գործվածքներ, գրքեր, սրբապատկերներ, նկարներ:

Երեխաներին կմատուցվեն մի շարք անակնկալներ փառատոնի բոլոր 3 օրերի ընթացքում: Հատուկ նրանց համար «Մարկ Տվեն» միջազգային դպրոցը կազմակերպում է տարբեր միջոցառումներ:

Ի սրտե ցանկանում ենք նվիրել բուխարեստցիներին մի գեղեցիկ տոն, որի արդյունքում նրանք կճանաչեն հայկական մշակույթը և ոչ միայն:

Փառատոնը տեղի կունենա օգոստոսի 1-ին, ուրբաթ, (16:00-22:00), օգոստոսի 2-ին և 3-ին (10:00-22:00): Մուտքն անվճար է:

Փառատոնի կազմակերպիչներն են Ռումինահայոց միությունը և Հայ համայնքի երիտասարդների կազմակերպությունը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Բուխարեստում կկայանա «Ստրադա Արմենեասկը» (հայկական փողոց) փառատոնը”

Leave a Reply

Your email address will not be published.