Արցախում տեղի կունենա տարբեր երկրների ազգային խոհանոցի «ԷթնոՖեստ»-ը

artsakhpress.am-ը գրում է՝

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը մշակութային ինքնության պահպանման, ազգային և ավանդական արժեքների վերարտադրության ու հանրահռչակման, ինչպես նաև միջազգային համագործակցության խթանման քաղաքականության շրջանակներում սկսում է նոր ՝ «Արցախ ԷթնոՖեստ» միջազգային նախագիծը: Այս մասին հայտնում են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից։

 «Արցախէթնոֆեստ»-ը միջազգային փառատոն է, որը նախատեսվում է իրականացնել տարին մեկ անգամ, Արցախում` տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Յուրաքանչյուր փառատոն կունենա իր խորագիրը և կներկայացնի ազգային մշակույթի մեկ ուղղություն:

«Արցախէթնոֆեստ» առաջին միջազգային փառատոնը կանցկացվի 2016թ. սեպտեմբերի 15-17-ը: Փառատոնը կունենա «Երկրի համը» անվանումը և կներկայացնի տարբեր երկրների ազգային խոհանոցները: Փառատոնին կմասնակցեն ինչպես հմուտ խոհարարներ, այնպես էլ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ Ֆրանսիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Հարավային Կորեայից, Սիրիայից, Վրաստանից և իհարկե, Հայաստանից ու Արցախից: Փառատոնային ծրագրի  շրջանակներում նրանք կպատրաստեն և  հյուրերին կմատուցեն իրենց ազգային ուտեստներն ու ճաշատեսակները:

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Շուշիի «Իսահակի աղբյուր» ռեստորանային համալիրում: Կներկայացվեն ֆրանսիական կրեպը, ռումինական մամալիգան, բրնձով պատրաստված կորեական ուտեստներ, սիրիական աղցաններ և արևելյան քաղցրավենիք, վրացական սացիվին, ինչպես նաև Արցախյան խոհանոցի այցեքարտ ժենգյալով հացը, կուրկուտը, ավանդական խորովածը: Փառատոնի օտարերկրացի մասնակիցների համար կկազմակերպվի ժենգյալով հացի թխման  վարպետության դաս և մրցույթ:  Միջոցառումը կուղեկցվի հետաքրքիր համերգային ծրագրերով:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed