Արցախում մեկնարկել են հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային օրվա միջոցառումները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային օր ճանաչված ապրիլի 18-ը արդեն երկրորդ տարին պետականորեն նշվում է նաև Արցախում:  ԼՂՀ  կառավարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը օրվան նվիրված մի շարք միջոցառումներ է ծրագրել ամբողջ հանրապետության տարածքում, որի մեկնարկը տրվեց ապրիլի 2-ին Արցախի պետական համալսարանում:

Միջոցառումը կազմակերպվել էր  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ և նվիրված էր հուշարձանների պահպանության խնդրին: Ուսանողների, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպմանը ներկա էր նաև ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ  Ս. Շահվերդյանը, ով իր ներածական խոսքում նշեց, որ  պատմական ժառանգության հանդեպ սրտացավություն չի դրսևորվում հասարակության լայն շրջանակների կողմից, մինչդեռ միայն պետական միջոցներով հնարավոր չէ այն իրականացնել: Բոլոր այն երկրներում, որտեղ հասարակությունը ակտիվորեն ներգրավված է պատմական ժառանգության պահպանության գործում` նշված ոլորտը բարվոք վիճակում է, և հակառակը: Վարչության պետն իր խոսքում նշեց, որ շատ հաճախ մեր համերկրացիները ինչ որ գանձեր գտնելու հույսերով ավերում են հուշարձանները, մինչդեռ պետք է հասկանալ, որ նման նպատակի ուղղված ջանքերը միշտ էլ անարդյունք ավարտ կունենան, իսկ ավերածությունը կարող է անդառնալի լինել:  ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության, պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման և պահպանման բաժնի պետ Ս. Սարգսյանը, անդրադառնալով քննարկվող խնդրին, շեշտեց  Ադրբեջանի կողմից տեղեկատվական դաշտում տարվող հակահայ դրսևորումներին պատշաճ հակազդեցություն տալու խնդիրը:  Նա շեշտեց, որ երիտասարդությունը, մասնավորապես  ուսանողությունը պետք է լավագույնս պատկերացում կազմի մեր պատմամշակութային ժառանգության մասին, որ կարողանա արժանավույնս, ծանրակշիռ փաստարկներով հակադարձել զեղծարարումներին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Ջուղա» փաստավավերագրական ֆիլմը, նվիրված Ջուղայի պատմամշակութային հուշարձանների հանդեպ ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված վանդալիզմին:

Միջոցառումն ավարտվեց մասնակիցների կողմից բարձրացված հարցուպատասխաններով:  Բարձրացվող հարցերը հիմնականում վերաբերվում էին պահպանության մեխանիզմներին, հուշարձանների շրջակայքի ու տեսարժան վայրերի սանիտարական վիճակին, ինչպես նաև հանրապետության տարածքում առկա մահմեդական հուշարձաններին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Արցախում մեկնարկել են հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային օրվա միջոցառումները”

Leave a Reply

Your email address will not be published.