Անրի Վերնոյ «Մայրիկ». Երեկոյան ընթերցումներ

Ողջամտորեն գիտակցում էի, որ արդեն անցել է այդ երկար ճանապարհի հոգնության թոթափման տրամաբանական ժամանակը։ Հասել էր հայտարարված անակնկալի երկիմաստությունն ու առեղծվածը բացահայտելռւ պահը։ Հայրս ուներ անմատչելի և խորհրդավոր տեսք։ Մեր անհողդողդ սֆինքսը պարտադրում էր սպասողական վիճակ, մեզ ստիպելով հետաքրքրությունից պատեպատ խփվելու։ Մայրիկը և Գայանեն, որոնք հետևում էին նրա ընթացքին, դավադիրների նման զսպված ժպիտներ էին փոխանակում։

Ես թեքվեցի Աննա մորաքրոջս կողմը և, ձեռքով բերանս ծածկելով, ականջին փսփսացի․

– Դու հարցրու։

Նա էլ փսփսաց իմ ականջին.

― Բնավ երբեք։ Ուշքը գնում է ասելու ցանկությունից։ Հինգ րոպեից կպայթի։

Եվ պայթեց։

Երբ երկու-երեք անդամ կոկորդը մաքրեց՝ ձայնը բացելու համար, որի կարիքը բնավ չէր զգում, ես հասկացա, որ պահը մոտեցել է։ Նրա զվարճալի կոտրատվելու տևողությունը ուղիղ համեմատական էր այն բանի կարևորության հետ, որ հայտնելու էր։ Հավանորեն հարցն այս անգամ կարևոր էր։

— Ուրեմն այսպես…

Աննա մորաքույրը վրիժառու ձայնով չոր-չոր ընդհատեց նրան.

— Գիտես, Հակոբ (դա հորս անունն էր), իզուր ես քեզ տանջում։ Մի ժամ սպասել ենք, էլի կսպասենք, թեկուզ մի օր, մի ամիս կամ մի տարի։

Եվ ավելացրեց հայկական մի հին առած, որտեղ ապագա արքայության խոստում կար բոլոր նրանց, ովքեր համբերել դիտեն։ Բոլորիս ծիծաղը գալիս էր, սակայն այդ բանավոր վրիժառությունը մեզ հեռացնում էր բուն նյութից։

Ես փորձում էի վերադառնալ բուն նյութին, առանց դավաճանելու Աննա մորաքրոջս.

— Հայրիկ, եթե խոսելուց թեթևություն ես զգում, խոսիր, կլսենք։

— Ուրեմն այսպես.., Դուք այլևս չեք բնակվելու Պարադի փողոցի 109-ում։

Մեր կատակները մի վայրկյանում չքացան։ Գլխումս փայլատակեցին տասը-քսան ենթադրություններ, որոնք վանում էի ինձնից։ Ընտանիքը անտարակույս բաժանվելու էր երկու մասի։ Ո՞վ պիտի գնար։ Գուցե մեզ վտարել են։ Թե տեղափոխվում էինք ուրիշ քաղաք կամ երկիր։

— Եկող ուրբաթ օրվանից մենք կբնակվենք Սեն-Ժաք փողոցի 101 տանը։

Այդ էր որ կար, նոր տուն էինք ունենալու։ Ինչո՞ւ էի վախենալի բաներ որոնում այնտեղ, որտեղ միմիայն բարի լուրեր էին պահված։

Այդ վախի արմատները գտնելու համար հարկավոր է մեկ անգամ ևս վերադառնալ այն ժամանակները, երբ տեղափոխություն բառը նշանակում էր փախուստ կոտորածներից։ Երբ տեղափոխվում էինք տնից տուն, որոնք դառնում էին մեր ապաստարանները, ողբում էինք մեր կորուստները, նորից քայլում դեպի նորանոր երկրներ, դեպի անցյալ չունեցող, հոգի չունեցող սենյակներ, որ հետագայում ասենք, «Երբ ապրում էինք Պարադի փողոցում…»

Եվ հուշերիս մեջ այս չորս հարյուր տուն ունեցող փողոցից կմնա սոսկ մի անուն, փոխարինելու համար անցյալի սրբատաշ քարից կառուցված գեղեցիկ տունը, հսկայական կաղնու կենաց ծառի ստվերում, որ կարծես ասում էր. «Այստեղ ծնվում են, այստեղ ապրում են, այնուհետև մեռնում են նույն տեղում»։

* * *

Ես լավ գիտեի Սեն-ժաք փողոցը՝ խաղաղ, մաքուր, բուրժուաների տներով երիզված, սալահատակված մայթերով ու թեք լանջերով, որ տանում էր դեպի Նոթր-դամ-դը-լա Գարդի տաճարը։ Դպրոցի ճամփին ամեն օր տեսնում էի այդ փողոցը։

Ամեն ինչ կատարվել է շատ արագ, երբ մենք եղել ենք Մոնթոլիվեում։ Այն ժամանակներում վերելակի բացակայությունը իջեցնում էր վերին հարկերի վարձը։ Մեր բնակարանը գտնվում էր հինգերորդ հարկում, նայում էր փողոցին և բաղկացած էր երեք սենյակից ու խոհանոցից։

Հայրս, Մայրիկը և Գայանեն ընկել էին մեր հարցերի տարափի տակ։ Պատե՞րը… պաստառված են նոր, ծաղկավոր թղթերով, յուրաքանչյուր սենյակ տարբեր գույնի… Հատա՞կը… ծածկված է շատ գեղեցիկ լինոլեումով… ինչպե՞ս, ուրեմն իսկական խոհանո՞ց… Իհարկե, նախ ջրի ծորակ կա, ապա չորսաչքանի գործածված գազօջախ, որ գնել էին նախկին վարձակալներից։ Սանդուղքը լայն է… սանդղամատերը ցածր, տան մուտքը ընդարձակ և այլն։

Երբ մեր հետաքրքրությունը ընդհանուր առմամբ բավարարվեց, և հարցերը սկսեցին մանրանալ, օրը մթնել էր արդեն։ Նույնիսկ մոռացել էինք լույս վառել։ Եվ ահա լույսի մեջ հանկարծ միտքս ընկավ «երեք քառորդի» վերջին քառորդը։

Հայրս խոհանոցի անկյունում (կիրակնօրյա մեր «խոհարարը» նա էր) արդեն հակվել էր գազօջախի վրա։ Կարագի մեջ տապակվող պանրի ու պոմիդորի հասա շերտի վրա մի տասնյակ ձու էր կոտրում, քիչ հետո կես կիտրոն կքամեր այդ ամենի վրա, առատ պղպեղ կցաներ, և կլիներ այն արագ ու համեղ ճաշերից մեկը, որ ես շատ էի սիրում։

Մայրիկը լուսաբանեց այդ խորհրդավոր, պակասող քառորդի պատմությունը։

Այն երեք շաբաթը, որ մնում էր մեզ Մոնթոլիվեում, լիուլի բավական էր նոր բնակարան փոխադրվելու ու տեղավորվելու համար։ Մեր վերադարձը պետք է կատարվեր ըստ խնամքով պատրաստված ծրագրի։ Պարադի փողոցի 109-ի մոտով անցնել առանց կանգառի, առանց ընդհանուր զարմանքին ուշք դարձնելու, բարձրանալ Բրեթոյ փողոցն ի վեր, առանց որևէ բացատրության, ձախ անկյունով թեքվել Սեն-Ժաք փողոցը։ Բնականաբար մեր Գայանեն, որ շատ թույլ էր նման գաղտնիքներ պահելու մեջ, պետք է ամբողջ ճանապարհին գտնվեր Մայրիկի և հորս հսկողության տակ։ Այնուհետև, 101 համարի առջև, հայրս պիտի հաներ բանալիների խուրձը և հինգերորդ հարկում հրելով դուռը, պիտի հայտարարեր, թե գտնվում ենք մեր նոր տանը։

Մեր անսպասելի վերադարձը փոխել էր անակնկալի առաջին վարկածը և մի քառորդով կրճատել հեղինակի նախնական մտահղացումը։

Սեղանը հավաքելուց հետո հայրս անփութորեն Աննա մորաքրոջս ծնկներին դրեց մի վերնաշապիկ, խնդրելով, որ ստուգի թևերի կարը։

Սա «ձեռնակարի» ամենանուրբ տեղերից մեկն է։ Այն կատարյալ մաքրությունը, որ այսօր վերացել է նույնիսկ մեծ շապկագործների մոտ, կայանում էր թևը շապիկին կանոնավոր ու աննշմար մանրակարով միացնելոլ մեջ։ Երբ թևը ստանում էր իր ձևը, միացման բոլոր հետքերը այնպես էին չքա-նում, ասես ձեռք չէր կպել։

Աննա մորաքույրը կարիք չզգաց ստուգելու թևի ամբողջ կարը և վճիռ արձակեց.

— Սա մեր ձեռքի գործը չի։ Այսինքն՝ սա առհասարակ բանի նման չի։

Հայրս բարկացավ.

— Ինչո՞վ է վատ այս կարը։

— Սա ոչ թե կար է, այլ շուլալ։ Եթե մեկը սեղմի շապիկն հագնող խեղճի ձեռքը, շապիկի թևը կպոկվի։

Ստուգման արդյունքը կտրականապես բացասական էր, բայց չէի հասկանում, թե դա ի՞նչ կապ ուներ հորս հետ, որ այդ գիշեր անկողին մտավ մի քիչ տրտմած։

Իմ միջնորմի հետևում լսեցի երկու մորաքույրերիս փսփսոցը։ Աննա մորաքրոջս արհամարհանքին արժանացած կարը հորս ձեռքի աշխատանքն էր։

Երբ մենք Մոնթոլիվեում ենք եղել, հայրս ամբողջ ազատ ժամանակը հատկացրել է թևկարի նուրբ աշխատանքը սովորելուն։ Գոնե ինքն այդպես էր կարծում, մանավանդ, Մայրիկն ու Գայանեն գովեստներ են շռայլել նրա հասցեին։ Սակայն հենց հայրիկը գնացել է գործարան, անմիջապես քանդել, ուղղել են նրա անվարժ ու անճոռնի կարը։

Ես չէի տեսնում Աննա մորաքրոջս դեմքը, բայց պատկերացնում էի, թե որքան է տխրել հորս ցավ պատճառելու համար։

Նա մրմնջաց․

— Դու պիտի նշանացի հասկացնեիր ինձ…

― Հասկացնում էի, բայց քիթդ խրել էիր կարի մեջ, բան չէիր տեսնում։

Ես այնքան հաճախ էի ականատես եղել, որ արդեն անգիր գիտեի աչքուհոնքով, հայացքով ու դիմախաղով թաքուն գլխի գցելու նրանց բոլոր շարժումները։ Հավանաբար քիչ առաջ, քրոջը բան հասկացնելու համար, Գայանեի դեմքը լրիվ ջղաձգվել է, բայց Աննա մորաքույրը չի նկատել լուսազդանշանի փոխված նրա հուսահատ թարթումները։

Հուշերիս մեջ հառնող «աննշան իրադարձությունների» այս շղթան, հույսերի այս տրամվայը, որովհետև վերգտնում եմ մերոնց, փտած բանջարանոցի մի անկյուն, որ եդեմ է թվում, տխրության պահին արտասանված որևէ ծիծաղաշարժ բառ, ցավն ամոքող մի շարժում, քնքշությամբ պարուրված այս երիցս չնչին բաները կազմում էին մեր «երջանիկ առօրյան»։

Եվ մանկությունը, որի մասին հետագայում ասում են․ «Եթե հնար լիներ նորից սկսել», ահա այդ մանկությունը սիրով կսկսեի նորից։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed