Անգետ ուսուցիչը կամ նոր հանրույթ ձևավորելու փորձ

Թարգմանել և հրատարակել ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժակ Ռանսիերի «Անգետ ուսուցիչը» գիրքը. արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը և մի շարք արվեստասերներ նպատակ ունեն այս անելիքը վերածել հնարավորության` ձևավորելու մշակութային արտադրություն և արվեստի զարգացմանը հետամուտ հանրություն: Գրքի թարգմանությունը նախագծի նպատակը չէ, այլ անելիքը. նպատակը նոր հանրույթ ստեղծելն է, որի հիմքի վրա հետագայում կստեղծվի մշակութային արդյունաբերության մեր ներգրավված արտադրական ընկերություն (կինոարտադրություն, գրահրատարակչություն և այլն):

Սա մի բաժանորդագրական արշավ է, որի ընթացքում կբաժանորդագրվեն մարդիկ, ովքեր ցանկանում են ունենալ մեկ գիրք` «Անգետ ուսուցիչը», և այդ գրքի թարգմանության ու հրատարակության, հետագայում նաև ձեռքբերման, գործընթացի արդյունքում, ըստ նախագծի կազմակերպիչների, ենթադրվում է, որ կստեղծվի հանրություն: Հենց այս հանրության ստեղծման ու կազմավորման գործընթացն է, որ հետաքրքրում է նախագծի կազմակերպիչներին: Գրքի թարգմանությունը մի պերֆորմատիվ եղանակ է` ստեղխելու հանրույթ, որը ինչ-որ տեղ չի տարբերվում նույն գիրքը կարդացողների կամ նույն ֆիլմը դիտողների հանրույթից, պարզապես այստեղ գրքի թարգմանությունը օգտագործվում է որպես խաղարկային տարր, պետֆորմանս, այսինքն` ամբողջ նախագիծը ինքնին մի պերֆորմանս է, ժամանակակից արվեստի մի նմուշ:

Նախագծի համաձայն արշավը կտևի 8-9 ամիս, որն անհրաժեշտ է տեքստի թարգմանությունն ու հրատարակությունը ավարտին հասցնելու, ինչպես նաև բաժանորդների անհրաժեշտ քանակն ապահովելու համար (800-1500 հոգի)։
Գրքի ընտրությունը, ըստ Նազարեթ Կարոյանի, բավականին խորհրդանշական է. գիրքը պարունակում է հեղափոխական ուղերձ մանկավարժության բնագավառում, թե բոլորը հավասար են և կարող են սովորել: Թերևս տեղին է մեջբերել Ռանսիերի խոսքերը. «Գրել եմ մի գիրք , որը կոչվում է Անգետ ուսուցիչը … Իմ գիրքը պատմում է պատմությունը Ժոզեֆ Ժաքոթո անունով մի պրոֆեսորի, ով 1830– ականներին Նիդեռլանդներում և Ֆրանսիայում առաջ է բերել սկանդալ՝ պնդելով, թե անգետները կարող են սովորել միայնակ՝ առանց իրենց բացատրող ուսուցչի, և որ ուսուցիչները, իրենց հերթին, կարող են սովորեցնել այն, ինչն իրենք չգիտեն»։
Առաջադրելով մարդու՝ ինքնուրույն սովորել և սովորեցնել կարողանալու կանխավարկածը՝ տեքստը, միաժամանակ, պնդում է, թե սույն կարողությունը կախված չէ գիտելիք ունենալու կամ փոխանցելու հանգամանքի հետ։
Հետաքրքրական է գրքի թարգմանչի ընտրոթյունը. տեքստի թարգմանիչը 1960-80 ական թվականների երևանյան արվեստային ու գրական բոհեմայի առավել վառ ներկայացուցիչներից մեկն է ՝ Արմեն Վշտունին, հեղափոխական պոետ, Չարենցի համախոհ Ազատ Վշտունու որդին։ Արմեն Վշտունին գրքի թարգմանությունը սկսել է դեռևս 1980-ականներին` չհասցնելով այն ավարտին: Միայն վերջերս, ինչպես նշում է Նազարեթ Կարոյանը, նա վերսկսել է թարգմանության աշխատանքները: Հատկանշական է, որ արդեն իսկ թարգմանած հատվածի գրական արևելահայերենի մեջ դեռևս նկատվում են 20-դարի սկզբին գրավոր խոսքին բնորոշ գրաբարյան փշուրները:

«Թեև թարգմանիչը մեկն է, սակայն ցանկացած մեկը, ով բաժանորդագրվել է, կարող է հանդես գալ թարգմանությանը վերաբերող առաջաարկներով: Բոլոր բաժանորդներին հասանելի կլինեն տեքստի արդեն իսկ թարգմանված հատվածները, որոնք ենթակա են քննարկման ու փոփոխությունների. հենց այդ քննարկումների ընթացքում էլ կձևավորվի հանրույթը»,- նշում է Նազարեթ Կարոյանը:

անդրադարձը՝ Սոնա Քալանթարյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Անգետ ուսուցիչը կամ նոր հանրույթ ձևավորելու փորձ”

Leave a Reply

Your email address will not be published.