Այսօր է ծնվել Մինաս Ավետիսյանը

«… Նա, այո, արդեն անսպառ էր: Նրան միայն ժամանակ էր հարկավոր, երկար ժամանակ էր հարկավոր՝ տևական անընդհատությամբ, հայ գյուղացու ջանադիր անընդհատությամբ գործ դարձնելու իր մարմին կաթեցված աստվածային տաղանդի ծանր կաթիլը: Նա ծնվել էր Սարյանից հիսուն տարի հետո – նա մեռնելու էր Սարյանից հիսուն տարի հետո: Նա գահաժառանգ էր ծնվել, նա բազմելու էր Մեծի թափուր գահին, նա արդեն այսօր էր արժանի Տանտիրոջ ու Մեծի թափուր այդ գահին, բայց շատ գեղեցիկ է, երբ անառարկելի վաստակը լուսապսակվում է նաև պատկառելի ծերությամբ...»,- գրող ասել է Հրանտ Մաթևոսյանը նկարիչ Մինաս Ավետիսյանի մասին:

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Մարտիրոս Սարյանի անվան և Պետական մրցանակների դափնեկիր Մինաս Ավետիսյանը 1960-ական թվականների հայ կերպարվեստի նոր վերելքի նշանավոր ներկայացուցիչներից է:

Այսօր Մինասը կդառնար 88 տարեկան. ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։

Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։

Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար: Մինասը որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Երևանում, Գյումրիում,Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի:

Ունի մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ: Մ. Ավետիսյանը բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում:

«Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ… Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»,- ասել է կոմպոզիտոր  Արամ Խաչատրյանը:

Մինասն աշխատել է նաև կինոյում, որպես Հրանտ Մաթևոսյանի «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի նկարիչ։

«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»,- ասել է նկարիչ Հակոբ Հակոբյանը:

1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։

Նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության՝ փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված։

«Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսիմ չիկա, հավատացեք: Ինչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է...»,- ասել է Վիլյամ Սարոյան Մինասի մասին:

«Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»,- ասել է Մարտիրոս Սարյանը:

Աղբյուր` Panorama.am
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed