Այսօր Արտավազդ Եղոյանի տարեդարձն է

Այսօր հեռուստահաղորդավար, «Երրոդ ալիք», «Երրորդ վագոն» և այլ շատ հեռուստածրագրերի հեղինակ և վարող Արտավազդ Եղոյանի ծննդյան օրն է: Գրեթե յուրաքանչյուր հայի հոգուն հարազատ դարձած «Մայրիկ» ֆիլմը լավ և բարի հիշողություններ է արթնացնում, ոչ միայն մեծանուն ռեժիսոր Անրի Վերնոյի հրաշալի գրական ու բեմադրական  աշխատանքի, այլև՝ Արտավազդ Եղոյանի անզուգական հայերեն թարգմանության շնորհիվ: Մենք մշակութային առցանց լրատվականի ստեղծագործական խումբը ջերմ բարեմաղթանքներ է հղում սիրելի մտավորականին, ազնիվ հայի տեսակին ու ավագ գործընկերոջը:

Հաճելի հիշողություններ ներկայացվող տեսանյութում:

Ծնվել է 1950թ. նոյեմբերի 23-ին, Երևանում: 1967թ. ավարտել է Երևանի Ա.Մյասնիկյանի անվան թիվ 66 միջնակարգ դպրոցը: 1968-69թթ աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում` որպես պրեպարատոր: Մինչ 1980թ. աշխատել է հարավային հեռախոսային հանգույցում` որպես մոնտյոր: Զուգահեռ երգել և նվագել է «Նաիրի», ապա` «Էրեբունի» վոկալ գործիքային անսամբլներում: 1976-79թթ խաղացել է Երգիծանքի և հումորի թատրոնում, որի ընթացքում դարձել է համամիութենական փառատոների դափնեկիր և ոսկե մեդալակիր` որպես լավագույն դերասան և երգիչ: Այդ տարիներին է խաղացել նաև Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» երկի Ղարայի կերպարում, որի համար Մոսկվայում արժանացել է ոսկե մեդալի: 1976թ-ից եղել է առաջին հայերեն լեզվով խոսացող դիջեյը: 1979թ-ից մոտ 10 տարի աշխատել է Հայաստանի մշակույթի նախարարությունում` որպես էլեկտրիկ, ապա` բաժնի վարիչ: Արցախյան շարժման տարիներից մինչ պատերազմի ավարտը եղել է օպերատոր և աշխատել է ռազմի դաշտում: Եղել է «Տիգրա Մեծ» կամավորական ջոկատի անդամ: 1989թ-ից աշխատել է «Խճանկար» հեռուստանախագծում` որպես թարգմանիչ, ապա` գործող անձ: 1991թ. եղել է հայկական առաջին անկախ «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը, որտեղ ունեցել է հեղինակային հաղորդումներ: 1999-2001թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «3-րդ վագոն» հաղորդումը: Ապա տեղափոխվել է «Երևան» հեռուստաընկերություն, որտեղ իրականացրել է «Կես կատակ, կես լուրջ», «Ժողովրդական վարպետներ» և այլ հեռուստաէջեր: Հետագայում «Կենտրոն» հեռուստաընկերությունում վարել է «Փողոց» հաղորդաշարը, իսկ «Հայ TV» հեռուստաընկերությունում Կարեն Քոչարյանի և Մարտին Վարդազարյանի հետ, վարել է «3-րդ ակումբ» հաղորդումը: Տարիներ շարունակ եղել է բազմապիսի պետական մեծ ու փոքր միջոցառումների և նախագծերի հնչյունային ռեժիսոր: 2000-ականների կեսերից աշխատում է Երևանի Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում` որպես ներկայացումների երաժշտական ձևավորող: Տիրապետում է 11 լեզուների, թարգմանել է շուրջ 350 բազմաժանր ֆիլմ, որոնցից հիշարժան են «Մայրիկ», «Մուսա լեռան 40 օրը», «Սիրանո դը Բերժերակ» և այլ ժապավեններ: Եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, ռեպորտաժներ նկարահանել և պատրաստել ֆիլմեր:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed