«Այդ ամենը մնաց կուլիսներում». Սոնա Գյուլխասյան

bravo.am-ը գրում է՝

Մանկական միջազգային երաժշտական մրցույթներում Հայաստանի անունը հնչեցրած ու մրցանակներով վերադարձած Սոնա Գյուլխասյանը հրաժեշտ է տվել դպրոցական կյանքին։ BRAVO.am-ին նա հայտնել է, որ ընդունվել է Ամերիկյան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ.«Ապագայում ցանկանում եմ մասնագիտանալ հանրային կապերի ոլորտում։ PR-ն անմիջական կապ ունի երգարվեստի հետ, լեզուների իմացությունն էլ միշտ օգնում է։ Արդեն պատրաստվում եմ ուսանողական կյանքին. տարբեր հանդիպումներ ենք ունենում դասախոսների հետ՝ ծանոթանալով ներքին կանոնակարգին»։

Սոնա Գյուլխասյանը

17-ամյա Սոնան այս տարի «Եվրատեսիլ»-ում Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստներից մեկն էր.«Հնարավորություն ունեցա մեծ բեմում լինել ավելի պրոֆեսիոնալ մարդկանց հետ, որոնք լրիվ այլ համակարգով են աշխատում։ Վայրկյանները հաշվարկելով՝ մեծ պատասխանատվություն ունեն իրենց գործի հանդեպ։ Շվեդիայում հետաքրքիր երաժիշտների հետ ծանոթացանք, իրար հետ նվագում ու երգում էինք, բայց այդ ամենը մնաց կուլիսներում»։

Գնահատելով երկրորդ պլանի վոկալիստի աշխատանքը՝ նա նշում է, որ բեք-վոկալիստը կենդանի նվագակցությամբ համերգին կարեւոր դերակատարություն ունի.«Ես չեմ խուսափում բեք-վոկալիստ լինելուց, ով նվագախմբի մասնիկն է, եւ երաժշտությունը հաճախ հենվում է նրա վրա։ Օրինակ՝ Ջեսսի Ջեյը եղել է Քրիստինա Ագիլերայի ու Մայլի Սայրուսի բեք-վոկալիստը, բայց նա շատ ավելի լավ արտիստ է, որը հետագայում կարողացավ հայտնի դառնալ։ Կամ Մարիամ Մերաբովան «Եվրատեսիլ»-ում Եվա Ռիվասի բեք-վոկալիստն էր, բայց նրա նման երգչուհիներ քիչ կան»։

Սոնան «Եվրատեսիլ»-ում Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստներից մեկն էր

«Մանկական Նոր ալիք 2012» միջազգային մրցույթում 2-րդ տեղը գրաված Սոնան սիրում է մրցույթների մասնակցել, հետագայում եւս նախատեսում է իր ուժերը փորձել` համարելով փորձի ձեռքբերման լավագույն միջոց։ Նրա խոսքով՝ առանց երաժշտության նույնիսկ մեկ օր չի պատկերացնում իր կյանքը.«Երգում եմ ինչպես իմ բենդի տղաների, այնպես էլ այլ երաժիշտների նվագակցությամբ։ Վերջերս ստեղծել ենք «Kami Friends» նախագիծը եւ ելույթ ենք ունենում նոր ձեւաչափով։ Տարբեր երաժիշտների հետ երգելու շնորհիվ անընդհատ իմպրովիզներ եմ անում։ Մեծ մասամբ կատարում եմ հայտնի հիթեր. ամեն ամիս նոր երգեր ենք ներառում, որ մենք էլ չձանձրանանք»։

Սոնա Գյուլխասյանը

Վերջերս Սոնան Երեւանում առիթ է ունեցել շփվել ֆրանսիական հայտնի «Modjo» դուետի հետ.«Շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը պետք է նրանց ուղեկցեր, բայց քանի որ այդ պահին երկրում չէր, ես եւ դաշնակահար Արմենը փոխարինեցինք նրան` ուղեկցելով որպես թարգմանիչներ։ Նաեւ միասին երգեցինք Ջեյմս Բրաունի «I Feel Good» երգն ակուստիկ տարբերակով։ Միասին շատ հավես ժամանակ անցկացրինք»։

BRAVO.am
Լուսանկարները` Սոնա Գյուլխասյանի անձնական արխիվից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed