«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները». Սթիվեն Քովի

Աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելերը թարգմանվել է հայերեն և շուտով կդրվի ընթերցասերների սեղանին: Մարտի 3-ին, ժամը 19:30 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա Քովիի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: 2011 թ. Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում: Ստեղծագործությունը հայերեն թարգմանել է Ալինա Միրզոյանը, գիրքը հրատարակել է « Էդիթ Պրինտ»-ը: «Աշխարհում, ինչպես նաև Հայաստանում մեծ է մոտիվացիոն, բիզնես գրականության նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջը: Մարդիկ սկսել են հետաքրքրվել գործարարությամբ, ավելի շատ են հաճախում թրեյնինգների:

Սթիվեն Քովիի այս գիրքն օգնել է բազում մարդկանց բարելավել, փոխել սեփական կյանքը, հասնել հաջողության՝ օգտագործելով գրքում առկա մեթոդները: Քովին պարզ, մատչելի լեզվով բացահայտում է հաջողության հասնելու գաղտնիքները, կիսվում անձնական փորձով, ինչն առավել հետաքրքիր է դարձնում այս գիրքը: «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելեր է ամբողջ աշխարհում, այն դասավանդում են կրթական հաստատություններում: Հուսով ենք, որ այն կօգնի նաև մեր հասարակությանը հասնելու հաջողությունների ու փոխելու սեփական կյանքը»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: Նշենք նաև, որ միջոցառման ընթացքում կկազմակերպվի սեմինար, որը կվարի թրեյներ, բիզնես խորհրդատու Նանա Հովհաննիսյանը:

Հավելենք, որ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում հեղինակ Սթիվեն Քովին ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում: «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը 1990 թվականից շարունակում է մնալ բեսթսելեր բիզնես ոլորտում՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով:

 

Մուտքն ազատ է:

Աղբյուրը`  menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed