Ամանորյա կրկեսային միջոցառումներ

Տոները մոտենում են, իսկ ամանորյա հրաշքի սպասումն օրեցօր կրկնապատկվում է: Նրանք, ովքեր ցանկանում են ջերմ և հետաքրքիր մթնոլորտում անցկացնել Նոր տարին, արդեն փորձում են տեղեկանալ, թե ինչ միջոցառումներ են սպասվում մայրաքաղաքում և մարզերում:

«Ժողովուրդ»-ն ավելի վաղ գրել էր մայրաքաղաքում կայանալիք ամանորյա ներկայացումների պրեմիերաների, մեծ էկրանին ցուցադրվելիք ֆիլմերի մասին: Այժմ արդեն հետաքրքրվել ենք, թե ամանորյա թեմայով կրկեսային ինչ ներկայացումներ են սպասվում Երևանում և մարզերում:

«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 24-ից 29-ը կրկեսի կոլեկտիվն ու Լ. Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոցի սաները մեկնելու են Հայաստանի մարզեր և հանդես են գալու ամանորյա բարեգործական ներկայացումներով:

«Նրանք մարզերի հանդիսատեսին կներկայանան հետաքրքիր համարներով, կփորձեն անել այնպես, որ մարդիկ ներգրավվեն միջոցառումներում, դառնան դրանց մասնակիցը»,-մեկնաբանեց պարոն Պետրոսյանը: Իսկ ինքը` գեղարվեստական ղեկավարը, այդ օրերին կմնա Երևանում, քանի որ մայրաքաղաքում էլ սպասվում են այլ միջոցառումներ:

Դեկտեմբերի 24-ից հունվարի 15-ը «Մոսկովյան կրկես» շապիտոն կհյուրընկալվի Հայաստանում և Կոմիտասի այգում (նախկին դելֆինարիայի տարածքում) երեւանցիների համար հանդես կգա ամանորյա ելույթներով. «Հրավիրվել են մոսկովյան կրկեսի լավագույն դերասաններ, եւ հայ արտիստ Գագիկ Ավետիսյանը` Գերմանիայից, նույն ինքը` ծաղրածու Չարլին: Հանդիսատեսի համար պատրաստել ենք բավական հարուստ համարներ` տարբեր կենդանիների, այդ թվում` արջերի, կապիկների, ձիերի, շնիկների մասնակցությամբ»,-մանրամասնեց Ս.Պետրոսյանը:

Հարցին, թե ինչպես է Երևանյան կրկեսը հոգում արտերկրի արտիստներին այստեղ հրավիրելու համար անհրաժեշտ ծախսերը, նա պատասխանեց. «Կոնկրետ այս նախաձեռնության համար մենք ոչ մի հովանավոր չունենք. մենք ֆոկուսնիկներ ենք (ծիծաղում է): Մեր համատեղ ուժերով ենք հոգում այդ ամենը: Իհարկե, շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին` Կոմիտասի այգու համապատասխան տարածքն անվճար տրամադրելու համար»:

 

Հեղինակ՝ Աննա Բաբաջանյան

Աղբյուրը՝ armlur.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed