Աղձքում տապանաքար է հայտնաբերվել

Աղձքի հայոց արքաների հուշահամալիրում պեղումները վերսկսվել են բացառիկ նորություններով. հայտնաբերվել են վաղ միջնադարի եզակի պատկերազարդ տապանաքար և պալատական կառույց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ տապանաքարը եզակի է հայ հնագիտական իրողության մեջ, քանի որ մենք նման խաչաքանդակ պատկերով տապանաքար չենք ունեցել: «Պետք է ենթադրել, որ այստեղ ամփոփված է ինչ-որ խիստ նշանավոր անձի աճյուն»,-նշեց հնագետը:

Սիմոնյանը կարևորեց այն հանգամանքը, որ տապանաքարերի վրա կան մեսրոպատառ արձանագրություններ: «Վաղ միջնադարյան եկեղեցիների վրա արձանագրություններ չեն արվել, նման իրողություն չի եղել: Հայատառ արձանագրությունների մենք հանդիպում ենք  միայն 7-րդ դարից հետո: Այս տապանաքարերն այդ տեսակետից ուշագրավ են և կարևոր»,-ասաց նա:

Անդրադառնալով պալատական կառույցին, Հակոբ Սիմոնյանն ասաց, որ 2017 թվականի հայտնաբերված պալատական կառույցն ունի 30 մետր երկարություն և 15 մետր լայնություն:

«Պետք է ասել, որ վաղ միջնադարյան հստակ 4-րդ դարով թվագրվող պալատ է: Մենք ունեցել ենք այդ ժամանակաշրջանի պալատ Դվինում, բայց այնտեղ միայն մի քանի որմնաքարեր են մնացել: Աղձքում գտնված պալատի պատի բարձրությունը 2.5-3 մետր է, և ավերված է միայն արևելյան հատվածը»,-հավելեց Հակոբ Սիմոնյանը:

 

Աղբյուրը` armfvn.com

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed